Փաշինյանը կա՛մ պետք է ասեր՝ Ալիև, դու ֆաշիստ ես ու կեղծարար, կա՛մ չպետք է մասնակցեր շոուին (տեսանյութ)

Մյունհեն քաղաքում նախօրեին կայացած Փաշինյան-Ալիևի կարճ դեբատի ժամանակ Ադրբեջանի նախագահը սկզբից մինչև վերջ, իրենց  ոճին համահունչ կեղծեց պատմությունը: Ընդամենն անցած դարասկզբին ստեղծված արհեստածին երկրի ղեկավարը ցինիկաբար հայտարարեց, թե Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, Երևանը ադրբեջանական քաղաք է ու խոսեց, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական խանության մասին, որպիսին գոյություն չունի պատմության էջերում:

Արդյոք  պատմական, իսկ հետո նաև քաղաքական կեղծիքներին  Հայաստանի վարչապետի կողմից տրվեց համարժեք պատասխան:

«Մենք» հաղորդաշարի հյուր քաղաքագետ Էդգար Էլբակյանը նախ կարծում է, որ սա մեզ համար ոչ նպաստավոր՝ անտեղի ձևաչափ էր, ու ամենևին միտված չէր հիմնախնդրի լուծման։ Ձևաչափը  խեղկատակություն էր։  Տպավորություն էր, որ նստած են վերին արտի ցորեն դատավորները՝ միջազգային հանրություն կոչվածը, որպես սուրբ դատավորներ, ու մենք որպես երկրորդ սորտի ազգեր, ինչպես շնակռվի դուրս եկածներ, մենամարտեցինք, որ պուպուշ, սպիտակ աշխարհի առաջ ցույց տայինք, թե ով է ճիշտ»։

Նկատենք, որ Ալիևը խոսեց Խոջալուից, Փաշինյանը ոչ մի խոսք Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի հայության կոտորածների մասին: Ալիևը խոսեց հայ զինվորների կողմից ադրբեջանցի երեխաներին սպանելու մասին, Փաշինյանը ոչ մի բառ չասաց Ապրիլյան քառօրյայի ժամանակ ադրբեջանցի զինվորների վայրագությունների մասին՝ հայ զինվորների սպանված մարմինները խոշտանգելու, Թալիշի ծերունիներին դաժանաբար սպանելու մասին։ Ալիևը խոսեց, թե  ադրբեջանական մզկիթները, իրենց գերեզմանները իբրև թե հայերն ավերել են, փոխարենը, Փաշինյանը ոչ մի բառ չասաց, թե ինչպես են ադրբեջանցիները ավերել Արցախի հայկական եկեղեցիները, մշակութային կոթողները, ոչ մի խոսք չասաց Նախիջևանի Ջուղայի խաչքարերի բարբարոսաբար ոչնչացման մասին․․․

Ճի՞շտ էր  Փաշինյանը, որ 100 տարվա պատմական ճշմարտությունը ներկայացնելու, կեղծարար Ալիևի դեմքը ի ցույց դնելու փոխարեն՝ գնաց հասավ Ք․Ա․ Տիգրան Մեծի ժամանակներ

«Իմ տպավարությունն այն էր, որ վարչապետը խորքային մակարդակով չի տիրապետում խնդրին, պատմա-իրավական-քաղաքագիտական նրբություններին։ Նա խնդրին ծանոթ է կիսաքարոզչական թեզերով։ Դա հարթակ էր, որտեղ քարոզչական գործիքակազմ կարող էր գործի դրվել։ Ալիևն իր ելույթներից մեկում ասել էր, որ աշխարհի հայությունը Ադրբեջանի թիվ մեկ թշնամին է, իշխանության գալուց հետո հակահայկականությունը դրվեց «արդյունաբերական» մասշտաբների վրա։ Այդ փաստերը բերելով՝  կարելի էր նրան  խայտառակել․ նախ  խոսել Ջուղայի խաչքարերի ավերի մասին, հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մասին,  բոլոր էթնիկ հայերին Ադրբեջան թույլ չտալու մասին։ Կարելի էր ասել՝ դո՛ւ քսենոֆոբ, ֆաշիստ մարդ ես ու համարձակվում ես ճամարտակե՞լ պատմական ճշմարտություններից։ Այդ ամենը պետք է ճիշտ մատուցվեր եվրոպական լսարանից»։ Ինչը, սակայն, չարվեց։

Քաղաքագետը կարծում է՝  կա՛մ Փաշինյանն առհասարակ չպետք է մասնակցեր դեբատին, կա՛մ մասնակցելով՝ հերքեր դիմացինի կեղծիքը։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։