Նման որոշումները պետք է բացառվեն․ Նիկոլ Փաշինյանը առանց մրցույթի հողահատկացում կատարելու մասին

Կառավարությունն այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում  օրակարգից հանեց նախագիծը, որով առաջարկվում էր  թույլատրել Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավարին և ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի համայնքի ղեկավարին «Դյութի Ֆրի Մարկետ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 49 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով, առանց մրցույթի, տրամադրել համապատասխանաբար՝ 1036 քառակուսի մետր և 565.3 քառակուսի մետր մակերեսով հողամասեր։

Նախագիծը ներկայացնող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ասաց, որ «Դյութի Ֆրի Մարկետ Արմենիան» ունի անմաքս խանութների ցանցի և նման խանութներին ապրանքների մատակարարման մեծ փորձ, ուստի որոշվել է առանց մրցույթի հողակտորները հատկացնել հենց այդ ընկերությանը։

Ըստ Անանյանի՝ այդ ընկերությունը նախատեսում է անմաքս առևտրի խանութներ կառուցելու համար իրականացնել 2.5 միլիոն եվրոյի ներդրում Բագրատաշենում, 1.5 միլիոն եվրոյի ներդրում՝ Բավրայում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, արեց իր դիտարկումները․ «Եթե նման ընկերություն կա, ապա մենք պետք է այդ ընկերությանն ասենք, որ հայտարարում ենք մրցույթ, ասենք, որ ունենք առաջարկ, որ եկել է մի ընկերություն, որն ասում է, թե ամեն մի քառակուսի մետրի համար կտա այսքան գումար, ու հարցնենք՝ կա՞ արդյոք որևէ այլ ընկերություն, որը կարող է ավելի լավ առաջարկ անել։ Ինչո՞ւ չենք այսպես մրցակցային տրամաբանությամբ գնում, որի արդյունքում էլ ՀՀ-ն կունենա առավելագույն օգուտ»։ Ապա ընդգծեց, որ նման որոշումները պետք է բացառվեն․

«Ի՞նչ է նշանակում՝ կառավարության որոշմամբ այս հողը տալ այս ընկերությանը։ Էդպիսի որոշումներն ընդհանրապես պետք է բացառվեն»,- ասաց  վարչապետը։

Վարչապետի հարցադրմանը պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այժմ պետություն-մասնավոր համագործակցության հարցում առկա է օրենսդրական խնդիր։

Նախագիծը կառավարության համաձայնությանը ներկայացնող Դավիթ Անանյանն էլ հավելեց, որ իրենք այս ընկերությանը հողակտորներ տալու մասին որոշման նախագծի հիմքում դրել են  այդ ընկերության միջազգային փորձի առկայությունը, բացի դրանից, իրենք ունեն նպատակ՝ հայտ ներկայացրած չորս ընկերությունների հայտն էլ հետագայում բավարարել։

Փաշինյանն առաջարկեց ներկայացված նախագիծը հանել կառավարության օրակարգից, սահմանել աճուրդային խիստ պայմաններ, որից հետո նոր քննարկել՝ հողակտորները տալ այս կամ այն ընկերությունը։

Նախագիծը հանվեց կառավարության օրակարգից։