Իսրայելը շատ է ուզում նոր պատերազմ Մերձավոր Արևելքում

Ինչպես հաղորդել է սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը, ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերն իսրայելական ռազմական օդուժը գործել է հերթական հանցանքը՝ օդային գրոհ ձեռնարկելով ու հրթիռային հարվածներ հասցնելով Համա նահանգի հյուսիսում գտնվող Մասյաֆ քաղաքի ուղղությամբ։

Սիրիական աղբյուրի հաղորդագրությունները հեռարձակվել են համաշխարհային գրեթե բոլոր խոշորագույն ԶԼՄ-ների կողմից։ SANA-ն հաղորդել է նաև, որ Սիրիական արաբական բանակի հակաօդային պաշտպանության միջոցները հետ են մղել Մասյաֆի մոտակայքում գտնվող ռազմական օբյեկտի դեմ Իսրայելի ագրեսիան։

«Ինչպես հայտարարել է ռազմական աղբյուրը, այսօր մոտավորապես գիշերվա 02։30-ին իսրայելական ագրեսորի ռազմական ինքնաթիռները Լիբանանի տարածքից հարված են հասցրել ռազմական դիրքերից մեկին՝ Մասյաֆի ուղղությամբ,- հաղորդել է SANA-ն։- Աղբյուրն ընդգծել է, որ սիրիական ՀՕՊ-ի միջոցներն անհապաղ արձագանքել են՝ խփելով մի քանի հրթիռ, մինչ դրանք կհասնեին նշանակետին։ Աղբյուրի խոսքերով, իսրայելական հարձակման արդյունքում վիրավորվել է երեք զինվոր և փլուզվել մի քանի շենք»։

Ինչպես կարելի է եզրակացնել տվյալ պաշտոնական հաղորդագրությունից, սիրիական ՀՕՊ-ի ուժերին հաջողվել է խփել իսրայելական ոչ բոլոր հրթիռները, բայց տվյալ դեպքում ուշադրություն են գրավում երկու փաստ. 1) աշխարհն ականատես եղավ Իսրայելի երկրորդ ավիագրոհին՝ օկուպացված Գոլանի բարձունքը «իսրայելական ճանաչելու» մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սկանդալային որոշումից հետո, և առաջինին՝ իրանական ԻՀՊԿ-ն «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների» ցանկում ներառելու ապրիլի 8-ին ընդունված որոշումից հետո, 2) Դամասկոսն ինքն է խոստովանում, որ Իսրայելի հրթիռային հարվածների օբյեկտ են դարձել հենց Սիրիական բանակի դիրքերն ու ռազմական օբյեկտը, և վիրավորվել են հենց սիրիացի զինծառայողներ։

Դա կարևոր է այն տեսանկյունից, որ ներկայումս հենց Համա նահանգի հյուսիսում է ընթանում Սիրիական բանակի և շիայական աշխարհազորի հատուկ գործողությունն ընդդեմ «Ջեբհատ ան-Նուսրա», «Հըզբ-աթ-Թուրքեստանի» և «Քաթայիբ ալ-Իզզա» խմբավորումների ահաբեկիչների դեմ։ Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը Հալեպի հրթիռակոծման ժամանակ իսրայելցիները պնդում էին, թե իրենց օդուժն իբր «ոչնչացրել է նախանշված բոլոր թիրախները» և «զոհվել են տասնյակ իրանցիներ», թեև, ինչպես պարզվեց, ամեն ինչ այդչափ միանշանակ չէր։ Համենայն դեպս, այն ժամանակ իրանցի ռազմական խորհրդատուների շարքերում չէին եղել ո՛չ վիրավորներ, ո՛չ զոհեր։ Փոխարենը՝ երևում էր, որ Իսրայելը պարզապես փորձել էր օդային աջակցություն ապահովել ահաբեկիչների համար, որպեսզի դանդաղեցնի Սիրիական բանակի և շիայական աշխարհազորի առաջխաղացումը։

Նշենք, որ մարտի 26-ի լույս 27-ի գիշերն ահաբեկիչները փորձել են հակագրոհել հենց Հալեպի ուղղությամբ, բայց հետ մղվել։ Իսկ այս անգամ հրթիռային հարվածներն ուղղված էին դեպի Համա նահանգի հյուսիս, և հնարավոր է, որ Իսրայելի իրական նպատակը նույնն էր, ինչ նախորդ անգամ, այսինքն՝ ահաբեկիչներին օդային աջակցություն ցուցաբերելը։

Պատահական չէ, որ կատարվածը լուսաբանող գրեթե բոլոր ԶԼՄ-ներն ապրիլի 13-ին նշում էին. Իսրայելի պաշտպանության բանակում (ՑԱԽԱԼ) առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել սիրիական Մասյաֆի հրթիռակոծումը։ Թել Ավիվը լռում է, չպատասխանելով նաև SANA գործակալության հաղորդագրությանը։ Մոսկվայից բազմիցս կոչ են արել Իսրայելին՝ վերջ տալ կամայական օդային հարվածներին ու հարգել Սիրիայի ինքնիշխանությունը, իսկ Թեհրանում Իսրայելի գործողությունները միշտ անվանել են միջազգային իրավունքի խախտում և ագրեսիա։ Համանման էին նաև հայտարարությունները Սիրիայի ղեկավարության, որը բազմիցս դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ պահանջելով հատուկ նիստ հրավիրել Իսրայելի ագրեսիան քննարկելու համար։ Սակայն, ԱՄՆ-ը մշտապես խափանել է Իսրայելի հանցագործությունների քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

SANA գործակալությունը համացանցում հրապարակել է սիրիական ՀՕՊ-ի կողմից իսրայելական հրթիռների գիշերային ոչնչացման տեսանյութը։ Ցանկացողները կարող են անձամբ տեսնել ու լսել արաբերեն մեկնաբանությունը (https://www.youtube.com/watch?v=FtOtuYeoG84 )։ Իսկ սիրիացի բլոգեր Սոհայիբ Մասրին Twitter-ի իր էջում գրել է վիրավորված 6 քաղաքացիական անձանց մասին, որոնք հոսպիտալում են (https://twitter.com/Sohayb_Masri1/status/1116857631191326720?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1116857631191326720&ref_url=https%3A%2F%2Fria.ru%2F20190413%2F1552658477.html )։ Այսպես թե այնպես, կան միայն վիրավորներ, սիրիական կողմից ոչ ոք չի զոհվել։ Ճիշտ է, դժվար է նշել, թե Սիրիայի ՀՕՊ-ի հատկապես որ համակարգերն են այս անգամ ոչնչացրել իսրայելական հրթիռները, սիրիական աղբյուրներն ու դիտորդներն էլ այդ մասին չեն գրում։

Հաշվի առնելով իրան-ամերիկյան հարաբերությունների կտրուկ սրման ընթացիկ մակարդակը, աշխարհը հիմա հավանաբար պետք է ակնկալի, որ Դամասկոսն ու Թեհրանը համերաշխ կսկսեն համոզել Մոսկվային՝ առանձին բանակցությունների մեջ մտնել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ, համոզել Վաշինգտոնին ու Թել Ավիվին՝ դադարեցնել օդային գրոհներն ու հրթիռային հարվածները Սիրիական բանակի և նրա դաշնակից աշխարհազորային ուժերի դեմ, կամ էլ բանը կհասնի ռուսական С-300 ԶՀՀ-ներով Իսրայելի ռազմական ինքնաթիռները ոչնչացնելուն։ Ամեն դեպքում, Իսրայելը ցուցադրում է, որ շատ է ուզում նոր պատերազմ Մերձավոր Արևելքում։

 

 Սերգեյ Շաքարյանց