Օպերայի տարածքի միայն մի քանի սրճարաննե՞րն են անօրինական կառուցվել, քաղաքապետարանն ինչո՞ւ է թիրախավորել հենց այդ սրճարանատերերին (տեսանյութ)

Երկու օր է, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջակայքում ապամոնտաժման աշխատանքներ են ընթանում․ Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժում է հարակից տարածքի մի քանի սրճարանները, ինչը սրճարանների սեփականատերերի և աշխատակիցների զայրույթն է հարուցել, և երկու օր շարունակ նրանք բողոքի ակցիաներ են իրականացնում։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը մեզ հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց Երևանի քաղաքապետարանի նախաձեռնության կապակցությամբ՝ ասելով, որ խիստ խտրական վերաբերմունք է ցուցաբերվում տարածքի սրճարանատերերի նկատմամբ, քանի որ քաղաքապետարանը սրճարաններից միայն մի քանիսն է քանդում, իսկ մյուսները դեռևս պահպանվելու են։ Իսկ դա ավագանու անդամի համար կասկածելի գործընթաց է, ինչպես նաև այն, որ քաղաքապետը և քաղաքապետարանի որևէ աշխատակից հրաժարվում են սրճարանատերերին պարզաբանումներ տալուց, նրանց հետ բանակցելուց և խնդիրը խաղաղ, անաղմուկ ճանապարհով լուծելուց։ Կտրուկ քայլեր են արվում, որոնք կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ։

Անի Խաչատրյանը կողմ է, որպեսզի օպերայի տարածքը կանաչապատվի, բայց ոչ բիրտ և անարդար մեթոդներով։ Նրա կարծիքով, եթե ժամանակին այդ սրճարաններն անօրինականորեն են կառուցվել, ապա պետք է պատասխանատվության ենթարկվեն նաև այն պաշտոնյաները, որոնք այդ սրճարանների կառուցման թույլտվություններ են տրամադրել։ Մինչդեռ, քաղաքային իշխանության կողմից այսօր միայն տնտեսվարողներն են պատժվում։

Մանրամասները՝ տեսանյութում