ԱՄՆ-ի արևելքում պտտահողմը ավելի քան 20 մարդու կյանք է խլել (տեսանյութ)

Փրկարարները շարունակում են որոնման աշխատանքները։ Զոհվածների և վիրավորների թիվը դեռ կարող է աճել։

Ըստ վերջին տվյալների, 23 մարդ է զոհվել մարտի 3-ի երեկոյան Լի շրջանում (Ալաբամա նահանգ) մոլեգնող պտտահողմից։ Զոհվածների մեջ կան նաև երեխաներ։ Այս մասին հաղորդել է BBC-ն։

Շրջանի շերիֆ Ջեյ Ջոնսը «Associated Press» գործակալությանը հայտնել է, որ տուժածների թիվը դեռ կարող է աճել, բայց փրկարարական աշխատանքները ստիպված են եղել ընդհատել մինչև լուսաբաց, մթության մեջ որոնումների վտանգավորության և եղանակային պայմանների պատճառով։

Լի շրջանում նկատվել է առնվազն երկու պտտահողմ։ Տեղեկություններ են ստացվել նաև Ալաբամայի հարևան Ջորջիա նահանգում պտտահողմի մասին։ Եղանակի պատճառով այնտեղ էլեկտրականությունից զրկվել է ավելի քան 20 հազար մարդ։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը աջակցություն է արտահայտել տուժածներին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաև կոչ արել Ալաբամայի բնակիչներին ավելի զգույշ լինել։