Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը Փաշինյանը կարևորել է Եվրամիության օժանդակությունը դատաիրավական և մի շարք այլ ոլորտներում

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության տեղեկացմամբ, այցի երկրորդ օրը նախատեսված են ՀՀ վարչապետի բարձր մակարդակի հանդիպումները ԵՄ կառույցների ղեկավարների հետ:

Մարտի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրոպական խորհուրդ, որտեղ նրան դիմավորել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության դրոշների մոտ ձեռքսեղմումից և արարողակարգային տեսալուսանկարահանումից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Տուսկի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Բրյուսել` նշելով, որ այն հնարավորություն կտա քննարկել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընթացքն ու զարգացման ուղիները:

«Սա Ձեր երկրորդ այցն է Բրյուսել, պարոն վարչապետ,- ասել է Դոնալդ Տուսկը:- Մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք Ձեր առաջին այցի շրջանակում, և այսօրվա մեր հանդիպումը լավ հնարավորություն է` շարունակելու մեր սկսած երկխոսությունը»։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԵՄ հետ հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. ԵՄ-ը հուսալի գործընկեր է Հայաստանի համար, որի հետ համագործակցության շարունակական զարգացումն այսօր առավել կարևոր է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների համատեքստում:

«Հայաստանը պատրաստ է ջանքեր ներդնել՝ Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցությունը նոր գաղափարներով և նախաձեռնություններով հարստացնելու ուղղությամբ»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ ՀՀ իշխանությունների հռչակած ժողովրդավարական օրակարգից որևէ շեղում չի լինելու, և Եվրամիության օժանդակությունը մի շարք ոլորտներում` մասնավորապես, դատաիրավական ոլորտի, ոստիկանական համակարգի բարեփոխումների, տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Վարչապետն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին` նշելով, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի և Եվրամիության երկրների համագործակցության զարգացման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգի շուրջ: Անդրադարձ է եղել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, երկուստեք կարևորվել է CEPA-ի վավերացման շուրջ շարունակական աշխատանքը:

ՀՀ վարչապետը և ԵԽ նախագահը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ, ընդգծել հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափով իրականացվող բանակցային գործընթացին: