Հայ սակրավորները սկսել են Հալեպի շրջակայքի ականազերծումը

Հայաստանյան առաքելությունը մեկնել է Սիրիայի կառավարության հրավերով։

Հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարության վրա, АиФ-Москва-ն տեղեկացրել է, որ հայ սակրավորներն ականազերծում են Հալեպի շրջակայքը սիրիական կառավարության խնդրանքով։

Հայ մասնագետները սկսել են  մաքրել Հալեպի Էլ-Հուսեյնիա բնակավայրի մերձակա ականապատ դաշտերը։ Նրանք պետք է լիովին մաքրեն տեղանքը պայթյունավտանգ առարկաներից։ Նահանգի շրջակայքի վտանգավոր հատվածների տարածքն անցնում է 30 քառակուսի կիլոմետրից։

Հայ զինվորականները գործուղման մեջ կանցկացնեն մի քանի ամիս։ Ընդհանուր առմամբ, առաքելության կազմում ընդգրկված է 83 մասնագետ, ներառյալ՝ բժիշկները, որոնք արդեն սկսել են հիվանդներ ընդունել քաղաքային հիվանդանոցներում։

Նշվում է, որ սակրավորները բաժանել են տեղանքը պայմանական քառակուսիների, անվտանգ անցում գտել և սկսել հողից տարբեր կողմերից միաժամանակ հանել ականներն ու արկերը։ Մարտական գործողություններն այստեղ ավարտվել են ութ ամիս առաջ։ Պատերազմի ընթացքում նշյալ տեղանքի ականապատ դաշտերի քարտեզները չեն պահպանվել։ Անհնար է գտնել նաև նրանց, ովքեր տեղադրել են ականները։

Հայ սակրավորները Հալեպ են եկել առանց սարքավորման և ողջ հանդերձավորումը ստացել են արդեն այնտեղ։ Ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներն ապահովում են առաքելության պաշտպանությունը։ Ինչպես նշել է Թշնամական կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի ներկայացուցիչ Արկադի Ռժևսկին, սակրավորները դրված խնդիրների կատարմանը ձեռնամուխ են եղել նախապատրաստում անցնելուց հետո։ Ողջ սարքավորումը, հատուկ միջոցները և ապահովման բոլոր տեսակներն իրականացնում է ռուսական կողմը։

Հալեպի հայ համայնքը մինչև պատերազմի սկսվելը բաղկացած էր ավելի քան 100 հազար մարդուց։ Փետրվարի կեսին Սիրիայի կառավարությունը պայմանավորվեց Երևանի հետ վերոնշյալ մարդասիրական գործողությունն անցկացնելու վերաբերյալ։

Մինչդեռ, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դեմ է արտահայտվել Հայաստանի և Սիրիայի, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությանը։ Հայկական ԱԳՆ-ը դրան պատասխանել է, որ Սիրիայում ապրում է մեծաթիվ հայ համայնք, և Հայաստանի քաղաքացիները մտահոգությամբ են հետևում արաբական հանրապետությունում տիրող իրավիճակին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ հայ սակրավորների և բժիշկների գործուղումը Սիրիա «իր մասշտաբով աննախադեպ ռուս-հայկական մարդասիրական նախագիծ է»։