Արցախին կնվիրաբերվեն շտապօգնության 10 նոր մեքենաներ․ պետնախարարն ընդունել է ՀՀ առողջապահության նախարարին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 4-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: ԱՀ պետական նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, պետական նախարարը բարձր է գնահատել ՀՀ առողջապահության նախարարության և Արցախի գործընկեր կառույցի հետ փոխգործակցության առկա մակարդակը՝ կարևորելով այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետևողական շարունակականությունը:

Վերոնշյալի համատեքստում Գ․ Մարտիրոսյանը հատկապես ընդգծել է էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման, ինչպես նաև ընթացիկ տարվանից բժշկական ապահովագրության փորձնական կիրառման ծրագրերը։

«Հատկապես բժշկական ապահովագրությունը համարում ենք առաջնային և պահանջված,- ասել է Գ. Մարտիրոսյանը:- Կարծում ենք, այն պետք է դառնա սոցիալական ինստիտուտ, քանի որ կառավարության վարած քաղաքականության տրամաբանության ծիրում մենք առողջապահական հարցերը դիտարկում ենք այդ շրջանակում»։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ առողջապահության նախարարը ևս գոհունակություն է հայտնել Արցախի առողջապահության համակարգի հետ համագործակցության դինամիկայից՝ նշելով, որ ՀՀ-ում իրականացվող զարգացման բոլոր ծրագրերում միշտ հաշվի են առնվում Արցախի խնդիրները:

«Առաջիկայում Արցախի մեր գործընկերներին կտրամադրենք շտապօգնության նոր և արդիականացված տասը մեքենաներ,- ասել է Ա. Թորոսյանը:-Կլինեն նաև աջակցության այլ ծրագրեր: Ինչ վերաբերում է ապահովագրության համակարգի ներդրմանը, ապա մենք ևս կարևորում ենք դրա՝ սոցիալական ուղղվածություն ունենալու առաջնահերթությունը, և կարծում ենք, որ այն չպետք է դառնա սոսկ ֆինանսական շուկայի զարգացման առաջնահերթ գործիք: Համոզված եմ, որ այս հարցում ՀՀ կառավարության՝ առաջիկայում ընդունելիք որոշումը կլինի այդ տրամաբանության մեջ, և մեր համագործակցությունը նաև այս բնագավառում կարևոր հեռանկար կունենա»:

Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել գերատեսչությունների միջև կապերի խորացման, նոր տեխնոլոգիաների ներդրման, մասնագետների վերապատրաստման և մի շարք այլ հարցերի շուրջ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը։