«Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանում կոռուպցիան չի վերացել, այն ավելի սանձարձակ, խոր թաքնված ու կազմակերպված է դարձել». Վահան Համազասպյան
Տեխնիկական գիտությունների դոկտոր, «Երկրների հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանի պնդմամբ, «Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանում կոռուպցիան չի վերացել, այն ավելի սանձարձակ, խոր թաքնված ու կազմակերպված է դարձել»: Այս մասին նշված է գիտնականի կողմից տասն օր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանին ուղղված և հասցեատերերի կողմից մինչ այսօր անարձագանք մնացած բաց նամակում:
Համազասպյանի այս գնահատականին, անշուշտ, դժվար է չհամաձայնել, մասնակի բացառությամբ նրա այն դիտարկմանը, թե Փաշինյանի օրոք Հայաստանում կոռուպցիան խոր թաքնված է դարձել. Ամեն ինչ չէ, որ խորը թաքցված է, կոռուպցիայի բացահայտ դրսևորումներ էլ կան:
Մինչ հիշյալ ծրագրի հեղինակի վերոնշյալ պնդման պատճառին անդրադառնալը, նախ, փոքր-ինչ հանգամանորեն ներկայացնենք, թե ով է Վահան Համազասպյանը:
Նա 26 տարի շարունակ զբաղվել է արևային տեխնիկայի ստեղծման ու զարգացման գործերով՝ նպատակ հետապնդելով արդյունաբերության և գյուղատնտեսության համար ստեղծել հեռանկարային մի այնպիսի նոր ուղղություն, որը հնարավորություն կտա խուսափել տնտեսական ճգնաժամից, բավարար աշխատատեղեր ստեղծել մեր քաղաքացիների, հատկապես աղետի գոտու բնակչության համար, 1-2 կարգով ավելացնել Հայաստանի ՀՆԱ-ի ծավալները և համապատասխան միջոցներ ձեռք բերել մեր երկրի համար նաև զենք արտադրելու և գնելու համար, կանխել և բացառել արտագաղթը, բարձրացնել ՀՀ միջազգային հեղինակությունը, նպաստել Արցախի միջազգային ճանաչմանը և այլն:
«Երկրների հելիոֆիկացիայի ծրագրի» հետ կապված աշխատանքների տեսական, գիտահետազոտական, կոնստրուկտորական և փորձարկման փուլերն արդեն ավարտել են, գործը հասել է ներդրման և արևային էներգիայի օգտագործման սարքերի զանգվածային արտադրություն կազմակերպելու փուլին, որի համար, սակայն, չկան համապատասխան ֆինանսական միջոցներ: Գիտնականը վերը նշված աշխատանքների համար էլ գումար չի ստացել պետությունից կամ որևէ մասնավոր կազմակերպությունից, ամեն ինչ արել է իր աղքատիկ միջոցների հաշվին, ինչպես ասում են, իր երեխաների բերանից կտրելով: Վերջնական արդյունքներից գոհ է, որովհետև կիրառման մեջ գտնվող արևային էներգիայի օգտագործման սարքերի հեղինակ իր բոլոր մրցակիցներից առաջ է անցել թե՛ ՀՀ-ում, թե՛ արտերկրում:
Համազասպյանի տեղեկացմամբ, արևային ծրագիրը 1993թ. նախապես քննարկել է ակադեմիկոս Պարիս Հերունու հետ և այն ներկայացրել «Երկրների հելիոֆիկացիայի ծրագիր» անվամբ՝ նախանշելով հեռուն գնացող նպատակները` Հայաստանի կամ, ավելի ճիշտ կլինի ասել, հայության համար արտադրության հեռանկարային մի նոր ոլորտի ստեղծում, որը թույլ կտա մեր արժանի տեղն ապահովել աշխատանքի միջազգային բաժանման մեջ, ընդ որում, մենաշնորհային դիրքեր ապահովելով խիստ եկամտաբեր ու հեռանկարային այդ նոր ոլորտում:
Գիտնականը համոզված է, որ քաղաքական շահաբաժնի ստացումը, հատկապես Արցախի միջազգային ճանաչման տեսակետից, երաշխավորված կլինի, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ արևային էներգիայի օգտագործման հայկական տարբերակը տարածվելու է աշխարհով մեկ՝ սկսելով էկոլոգիական աղետից խուսափելու արդյունավետ գործընթաց:
Ի դեպ, Ճապոնացի մի գիտնականի հրապարակած` մարդկությանը սպառնացող աղետների ցանկի համաձայն, միջուկային պատերազմից հետո 2-րդը համաշխարհային էկոլոգիական աղետն է, որը լինելու է միանգամից՝ ավանդական էներգակիրների (գազի, ածխի, փայտի, աթարի, տորֆի, մազութի և այլն) անխնա օգտագործման պատճառով, ամեն ժամ ակտիվացող ջերմոցային էֆեկտի հետևանքով: Արդյունքում մարդկությունը ստանալու է անկառավարելի մի այնպիսի գործընթաց, որի դեմն առնելն անհնար կլինի` ոչ ժամանակ կմնա, ոչ էլ միջոցներ կգտնվեն:
Վահան Համազասպյան. «Փրկության ճանապարհը մեկն է՝ պետք է օր առաջ սկսել արևի էներգիայի զանգվածային կիրառությունը կամ, մեր տերմինաբանությամբ՝ երկրների ու աշխարհամասերի հելիոֆիկացիան, դա կդառնա էկոլոգիական աղետից փրկվելու էֆեկտիվ ու աշխատող տարբերակը, որի համար միջազգային հանրությունը միայն շնորհակալ կլինի հայ ժողովրդին, բայց մենք առաջ ենք գնացել ու կանգնել ենք ֆինանսական փակուղու առաջ, մեր նախկին ու ներկա իշխանությունների պետքը չէ, թե մեր գործերն ինչ ավարտ կունենան»:
Հելիոֆիկացիայի ծրագիրը, գիտնականի հավաստմամբ, ունի տնտեսական, քաղաքական ու սոցիալական կարևոր բաղադրիչներ: Հելիոֆիկացիայի տնտեսական հիմնավորումը կառուցված է հետևյալ հաշվարկների վրա. արևային տեխնիկան մարդկանց համար կդառնա պահանջված և առաջին անհրաժեշտության, կտարածվի աշխարհով մեկ, եթե այն տնտեսապես շահավետ լինի, առաջին հերթին, օգտագործողների համար, երկրորդ հերթին բնության համար` որպես հետևանք և երկրորդային արդյունք: Այլընտրանքային էներգիայի օգտագործման սարքերի, կայանների զանգվածային տարածման հիմնական խոչընդոտն այն է, որ մշտապես առաջին պլանում են պահվում էկոլոգիական աղետից խուսափելու խնդիրները՝ անկախ տրամադրվող միջոցների չափից, որից հետո նոր միայն քննարկման է դրվում տնտեսական նպատակահարմարության հարցը, որն աշխարհում լուծված համարել չի կարելի՝ ներդրումների փոխհատուցելիության մեծ ժամկետների պատճառով (5-10 տարի):
Հելիոֆիկացիայի հայկական ծրագրի մեջ այդ ժամկետները կրճատվել են մինչև 1-2 տարի: Նշվածը շատ կարևոր նրբություն է, որն ըմբռնելու և ընդունելու համար պետք է ծանոթանալ հելիոֆիկացիայի ծրագրի դրույթներին, որը Համազասպյանը գաղտնի չի պահել, մամուլում հրապարակել է:
Գիտնականը հելիոֆիկացիայի ծրագիրը բազմիցս փորձել է քննարկման դնել ՀՀ ԱԺ-ում, բայց ապարդյուն, նույնիսկ դրան են դեմ…
«- Խնդրին տեղյակ եմ, բայց դա մեզ հետաքրքիր չէ,- սա ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի խոսքերն են, որոնք ինձ է փոխանցել հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը:
-Այս իշխանություններն էլ Ձեզ չեն օգնում, ամոթ իրենց,- այսպիսի խոսքերով փողոցում կամ հեռախոսով ինձ հաճախ են դիմում երկրի ճակատագրով մտահոգ մեր քաղաքացիները։ Ես էլ եմ մտահոգ: Իմ 26 տարին տվեցի մեր անուշ Հայաստանի տնտեսությունը փակուղուց դուրս բերելու կարևոր գործին, բայց 30 տարվա ընթացքում չգտնվեց խելքը գլխին մի իշխանություն, որն ընդուներ հելիոֆիկացիայի ծրագրի կարևորությունը և խոչընդոտներ չստեղծեր դրա իրականացման ճանապարհին, միայն խանգարում են և չգիտես՝ ինչու»,- գրել է Համզասպյանն իր բաց նամակում:
«Բաց նամակը» գրելու առիթ են դարձել օվերջերս մամուլում հայտնված ուշագրավ հրապարակումները հետևյալի մասին.
- Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի` «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո անցկացված տարեկան դրամահավաքով հավաքված գումարները` մոտ 10 մլն դոլար, փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանն Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Լոռիում, Տավուշում և Շիրակում։
- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանելով Արաբական Միացյալ Էմիրություններ, Աբու Դաբիում ներկա է գտնվել «Մասդար» ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի միջև համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությանը։ «Ըստ համաձայնագրի՝ Հայաստանում 400 մեգավատտ ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր են մշակվելու և ավելի քան 300 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ են իրականացվելու: Համաձայնագրով նախանշված առաջին նախագիծը 200 մեգավատտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցումն է Հայաստանի արևմուտքում»։
Քանի որ երկու դեպքում էլ խոսքը վերաբերում է արևի էներգիայի օգտագործմանը, գիտնականը, բնականաբար, չի կարողացել անտարբեր մնալ և չարձագանքել, մանավանդ, որ այդ կարևոր թեման վաղուց գտնվում է նրա ուշադրության կենտրոնում և որոշ պարզաբանումների կարիք ունի:
Նշելով, որ լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված 9 856 100 դոլարի մի մասն ուղղվելու է ֆոտոպանելներով հոսանք ստանալու գործին, գիտնականը հարցնում է` մի՞թե դա է հուսահատության շեմին հասած ու շփոթված մեր քաղաքացիներին հուզող ամենակարևոր հարցը, մի՞ թե այլ խնդիրներ չունենք: Ընդ որում, հայտնի չէ, թե արևից այդ կերպ ստացվելիք էլեկտրաէներգիան ինչպես է ազդելու Հայաստանի ներքին վիճակի վրա, մասնավորապես` արտագաղթի, գործազրկության կրճատման, մարդկանց սոցիալական վիճակի բարելավման առումով:
Համազասպյանի պատմելով, իրենք գնացել են արևային տեխնիկայի մի նոր, չծեծված ճանապարհով և բավարար նախադրյալներ ստեղծել արդյունաբերության մի նոր ոլորտի կայացման համար, ինչը Հայաստանին ու Արցախին կտա տնտեսական ու քաղաքական աննախադեպ դիվիդենդներ, գործը պետք է սկսել, մանավանդ, որ փողերն արդեն, կարծես թե կան, այս տարի հավաքվել է նպատակային 9 856 100 դոլարը: Բայց ոչ, այդ գումարները հավաքվել են այլ նպատակների համար՝ Արցախում և Հայաստանի երեք մարզերում արևից միայն էլեկտրական հոսանք և միայն ֆոտոպանելներով ստանալու համար:
«Իմ կարծիքով այդ սահմանափակումը միտումնավոր են ստեղծել և հարմարեցրել են միջնորդ կազմակերպությունների բիզնես շահերի ապահովմանը,- գրել է գիտնականն իր բաց նամակում:- Խոսքը վերաբերում է չինական արտադրության ֆոտոէլեմենտների ներմուծմամբ ու իրացմամբ զբաղվող հայկական ընկերություններին, որոնք շատ են ու ներկա են հայկական շուկայում: Համահայկական դրամահավաքի կազմակերպիչների կողմից խնդրի միտումնավոր խեղաթյուրման պատճառով էր, որ դրամահավաքը այդքան սահմանափակ ընդգրկում ունեցավ: Եթե խոսքը արևային տեխնիկայի զարգացման մասին է, ապա այստեղ ճանապարհները շատ են, Հայաստանում, Արցախում ու սփյուռքում արևային տեխնիկան պատկերացնում են ակադեմիկոս Պարիս Հերունու «Արև» էլեկտրակայանների ձևով, որոշ չափով էլ Համազասպյանի հելիոֆիկացիայի ծրագրով: Հերունի-Համազասպյան ուղղությունները չեն քննարկվում, դրանց մասին խոսք չկա, խոսում են միայն չինական ֆոտոպանելներից…
Բոլորը գիտեն, որ Հայաստանում ֆոտոպանելներ արտադրող բոլոր ընկերությունները կախված են կիսահաղորդչային էլեմենտներ արտադրող չինական ընկերություններից, ֆոտոէլեմենտների արտադրության տեխնոլոգիաներին տիրապետել են Աբովյանի «Սիրիուս» և Աշտարակի «Տրանզիստոր» գործարանները, բայց այդ տեխնոլոգիաները կորցրել ենք անվերադարձ, դրանք այլևս չկան, թալանված են և աշխատանքային վիճակի բերել հնարավոր չէ:
Իսկ ի՞նչ կլիներ հաջորդ դրամահավաքի ժամանակ, եթե այժմ հանգանակած գումարներով Արցախում գործարկվեր Հերունու «Արև» էլեկտրակայանը կամ մի քանի բնակավայր հելիոֆիկացվեին… օրինակ՝ Ճարտար գյուղն ամբողջությամբ: Դրանք կդառնային համաշխարհային կարևորության այնպիսի սենսացիոն նորություններ, այնպիսի արագությամբ կտարածվեին աշխարհով մեկ, որ հաջորդ դրամահավաքին բացարձակ արդյունքներ կունենայինք, կստանայինք Արցախի լրիվ հելիոֆիկացիայի համար պահանջվող 120 միլիոն դոլարը: Համոզված եմ, որ հավաքված գումարները կծախսվեն ֆոտոպանելային յուրայինների բիզնես հետաքրքրությունները բավարարելու ու հարցերը կարգավորելու նպատակով, հերթական անգամ կծախսվեն ու կմխսվեն, և մեր ֆինանսավորման այդ փոքրիկ առուն էլ կչորանա»:
Համազասպյանը հրապարակայնորեն դիմել է ՀՀ վարչապետին` հարգելի պարոն Փաշինյան, այս ամենը հասկանում են նաև ներդրում կատարողները, դա պետք է հաշվի առնել ու մտածել, թե ինչպես հրաժարվել մի քանի միլիոն դոլարի մասնավոր մսխումներից ու առաջ տալ 12 տրիլիոն դոլարի շուկա խոստացող հելիոֆիկացիայի գործը, ընտրությունը Ձերն է:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան