Ոչ բոլոր սուբյեկտների աշխատավարձերն են բարձրացել, ոմանցն իջել է․ Փաշինյանը պաշտոնյաների աշխատավարձերի մասին
Պաշտոնյաների աշխատավարձերի՝ աղմուկ հանած բարձրացումը չի արվել գաղտնի, դա հանգամանորեն քննարկվել է նույնիսկ խորհրդարանում՝ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Փաշինյանը այս մասին այսօր ասաց խորհրդարանում, Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին:
Մարուքյանի կարծիքով՝ Կառավարությունը շրջանցել է Պետական պաշտոնները և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքը, հայտնի սանդղակը և բարձրացրել սանդղակի մեջ երեք սուբյեկտների աշխատավարձերը: Նա նշեց, որ խնդիր է այն, որ այդ որոշումը կայացվել է առանց խորհրդարանի և գաղտնի:
Նիկոլ Փաշինյանը նախ շեշտեց՝ որոշման արդյունքում ոչ բոլոր սուբյեկտների աշխատավարձերն են բարձրացել: «Ոմանցն իջել է: Եվ այս որոշման անկյունաքարային նշանակությունը հենց դրա մեջ է: Անցյալ տարի «պարգևատրումային սկանդալի» արդյունքում բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել և արձանագրել, որ կա որոշակի անհամաչափություն: Հիմա այս որոշման արդյունքում ոմանց աշխատավարձն իջել է, ոմանցը՝ բարձրացել: Եվ խնդիր է դրվել, որ նույն կարգավիճակի մարդիկ պետք է նույն աշխատավարձը ստանան»,-ասաց Փաշինյանը նշելով, որ բավարար չափով այդ հարցը քննարկել են թե ԱԺ-ում, թե հանրության հետ:
Վարչապետի վստահեցմամբ՝ իրենք այդ գործընթացը կատարել են հրապարակային: «2019-ի բյուջեի քննարկումների արդյունքում, լրագրողների հետ զրույցում ասել եմ, որ եթե նախկինում պարգևատրումային ֆոնդ ունեին ընդամենը մի քանի մարմիններ, մենք հիմա աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով բոլոր մարմինների համար սահմանում ենք պարգևատրումների ֆոնդ: Եվ բյուջետային քննարկումների ժամանակ դուք բոլորդ իմացել եք դրա մասին և քվեարկել եք դրա օգտին»,-ասաց վարչապետը՝ դիմելով պատգամավորներին:
Փաշինյանը նշեց՝ կառավարման համակարգում նախկինում այդ կարգի որոշումները միշտ գաղտնի են արվել՝ համարելով, որ կան անհատական, անձնական տվյալներ, և հիմա ուղղակի իներցիայով այդպես է արվել, ուրիշ ոչ մի բան: Վարչապետը շեշտեց՝ հարցը բավարար չափով ԱԺ-ում քննարկվել է: Նա նախարարի վարձատրության գաղտնիության մասին խոսելը տեղին չհամարեց, քանի որ նախարարն ամեն տարի լրացնում է հայտարարագիր: Վարչապետի խոսքով՝ այդ հանձնարարականը գաղտնի է գնացել զուտ նրա համար, որ եղել են ներքին աշխատանքային ընթացակարգային հարցեր:
«Մեկինն իջել է, մյուսինը բարձրացել է: Եվ եկեք արձանագրենք ևս մեկ բան՝ ունեցել ենք նախարարությունների միացումներ: Եվ կան նախարարներ, որոնք 3 նախարարի աշխատանք են անում, քանի որ 3-ը միացել է մեկում: Եվ եթե այդ հանձնարարականը գնացել է գաղտնի գրիֆով, դա չի նշանակում, որ դա հանրությունից գաղտնի անելու նպատակով է արվել»,-նշեց նա:
Փաշինյանը հիշեց, որ ԱԺ ամբիոնից «պարգևատրումային սկանդալի» ժամանակ պաշտպանել է այն դիրքորոշումը, որ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն: «ԱԺ-ն ընդունել է բյուջե, որում այդ պարգևատրումային ֆոնդերը նախատեսված են եղել: Որոշումը կայացվել է երկու պատճառով՝ նախ, որ անհամաչափությունը փոխվի, հետո էլ պաշտոնյայի՝ ինքն իրեն պարգևատրելու անհարմար իրավիճակը հանելու համար»,-ասաց Փաշինյանը:
Մարուքյանը նշեց, որ մեծ մասի հետ համաձայն է, սակայն համաձայն չէ այն մասով, որ սահմանված գումարը, ըստ էության, կրկնապատկվել է, սակայն իրենք ֆոնդը հաստատելիս մտածել են, որ խոսքը գնում է 30 տոկոսի մասին: Վարչապետի խոսքով՝ իրենք նշել են 30 տոկոսի մասին, սակայն չեն ասել, որ աշխատավարձերը բարձրանալու է 30 տոկոսով: «Մենք ասել ենք, որ գերատեսչության բյուջեից աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսի չափով սահմանվելու է պարգևատրումային ֆոնդ: ԱԺ-ն դա ընդունել է, դա նշանակում է, որ կառավարությունը կարող է այդ 30 տոկոսն իր հայեցողությամբ օգտագործել»,-նշեց նա:
Փաշինյանի կարծիքով՝ հանրությունը պետք է ուրախանա, որ մարզպետն ունի այդ 400 հազար դրամի կարիքը: Նա շեշտեց՝ պետք չէ ասել, որ նախարարը թոշակառուից քանի անգամ բարձր աշխատավարձ է ստանում: «Նախարարի աշխատանքի որակից է կախված, թե թոշակառուի թոշակը կավելանա, թե ոչ և ինչ տեմպով»,-եզրափակեց Փաշինյանը: