Էրդողանը նեղացել է Իրանից…
Հոկտեմբեր 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում 6,5-ժամյա բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ընդ որում ռուսական կողմը նախապես համաձայնեցրել է, որ թեման կլինի միայն Սիրիան և թուրքերի գործողությունները Սիրիայում: Այնպես որ, լրացուցիչ վերլուծության անհրաժեշտություն անպայման կլինի:
Բայց մեր ուշադրությունը գրավեց նախքան Ռուսաստան մեկնելը Էրդողանի հայտարարությունների մասին տեղեկատվությունը: Ռուսաստան այցի մեկնարկից առաջ մամուլի ասուլիսում Էրդողանը հանկարծ հայտարարել է, որ շատ անհանգստացած է Իրանից ստացված գնահատականներով: Իհարկե, նա նկատի ուներ մասնավորապես Իրանի ԱԳՆ, Իրանի ազգային անվտանգության Գերագույն խորհրդի (ԱԱԳԽ) գնահատականները և այլն: Համաձայն baku.news ինտերնետային ռեսուրսի, Էրդողանը հայտարարել է հետևյալը. «Ես անհանգստացած էի Իրանից հնչած որոշ հայտարարություններով: Եթե Իրանը դիտարկի իր ոչ այնքան հեռավոր պատմությունը՝ 15-20 տարի առաջ, ապա կտեսնի, թե ինչ դիրքորոշում է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի միջուկային զենքի հարցում: Ամբողջ աշխարհը գիտի իմ դիրքորոշումը: Դժբախտաբար, Իրանից տարբեր արձագանքներ եղան մեր՝ «Խաղաղության աղբյուր», գործողությանը: Բնականաբար, դա չի ասում Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Այնուամենայնիվ, այս խոսակցությունները պետք է դադարեցվեն պարոն Ռոհանիի գլխավորությամբ: Նրանց այս արձագանքները մտահոգում են բոլոր իմ ընկերներին՝ իմ գլխավորությամբ։ Մենք այն երեք երկրներից մեկն ենք, որոնք ստորագրեցին Սոչիի պայմանագիրը։ Արդյոք կարո՞ղ է պայմանագիր ստորագրած երկրներից մեկը այդպես դավաճանել գործընթացի մեկ այլ մասնակցի: Այս բոլոր գործողությունները սխալ են: Հետևաբար, ես լրջորեն դատապարտում եմ նրանց՝ «Խաղաղության աղբյուր» գործողության արձագանքի համար: Ինչպե՞ս ենք մենք հետագայում շարունակելու այն փուլը, որն սկսվեց Աստանայի գործընթացով և շարունակվեց Սոչիի պայմանագրով»:
Այսպիսով, Թուրքիայի նախագահը ինչ-որ բան մոռացավ ոչ պակաս հեռավոր անցյալից` մասնավորապես 2016-ի ապրիլից, և ոչ պակաս, ոչ ավելի Իրանին մեղադրեց դավաճանության մեջ: 2019-ի ամռանը Իրանը միանշանակ և հստակորեն տեղեկացնում էր ամբողջ աշխարհին, որ իրանական տարածք ներխուժելու ահաբեկչական փորձերը ձեռնարկվել են Թուրքիայից: Անկարան այն ժամանակ ձևացրել էր, թե «չի հասկանում»: Բայց թուրքերը շատ արագ «հասկացան» ամեն ինչ, երբ ամռանը Իրանի հատուկ նշանակության ուժերը հայտնվեցին Իրան-Թուրքիա սահմանին: Ինչպես հայտնի է, Հյուսիսային Սիրիայում թուրքական «Խաղաղության աղբյուր» գործողության մեկնարկի ժամանակ իրանական հատուկ նշանակության ուժերը կրկին առաջ են մղվել Թուրքիայի հետ սահմանին: Ընդ որում, Իրանը ձեռնպահ մնաց բարձրաձայնելուց և գնահատականներ տալուց Թուրքիայի դերին՝ Իրանի սահմանների վրա ահաբեկիչների (թուրքական կողմից) հայտնվելու գործում: Այդ դեպքում ինչից է այդպես վիրավորվել Էրդողանը․ նրանի՞ց, որ Իրանը թուրքերին հնարավորություն չտվեց հսկայական տարածքներ «կտրել» Սիրիայից: 2016-ի համեմատ Իրանը ոչ մի նոր բան չէր պահանջում Թուրքիայից: Հոկտեմբերի 16-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը կրկին կոչ է արել Թուրքիային դադարեցնել հարձակումը Հյուսիսային Սիրիայի վրա և վերադառնալ Սիրիայի կառավարության հետ Ադանայի համաձայնագրին: Իրանի ԱԱԳԽ քարտուղար, փոխծովակալ Ալի Շամխանին, ինչպես արդեն հաղորդել էինք, նույն օրը Սիրիայի դեմ Թուրքիայի ագրեսիան անվանեց «ԱՄՆ կողմից կազմակերպված դավադրություն, որն ուղղված է վերականգնել Իսլամական պետությունը (ԻՊ) Մերձավոր Արևելքում»: Միգուցե այս խոսքերում Էրդողանը սպառնալի՞ք է զգացել իր և Թուրքիայի համար: Նույնիսկ եթե այդպես է, Էրդողանը գիտի, որ Շամխանիի հայտարարությունները համաձայնեցվել են Իրանի Գերագույն հրամանատարի հետ, իսկ դա նախագահ Ռոհանին չէ, այլ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնին Խամենեին: Իրանի Մեջլիսի խոսնակ Ալի Արդաշիր Լարիջանին հոկտեմբերի 21-ին հայտարարել է, որ Իրանը սատարում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը և կայունությանը: Ոչ մի նոր բան Թուրքիայի համար, այդ թվում՝ փոխծովակալ Շամխանիի խոսքերը: Իսկապես, 2014-ի ամռանից Իրանը աշխարհին հայտարարել է, որ ԻՊ ահաբեկիչների հետ կապված ողջ «հեքիաթը»՝ դավադրություն է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից:
Էրդողանը վիրավորվել է, նեղացել… Երևում է՝ մեզ անակնկալներ են սպասում. չէ՞ որ Իրանը չի ներում նրանց, ովքեր, ներկայանալով որպես բարեկամ կամ դաշնակից, իրականում աջակցում են ինչ-որ հակառակորդների հակաիրանական գործողություններին: Համոզված ենք, որ Էրդողանի հայտարարությունները քննարկվել են հոկտեմբերի 21-ին Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանայիի և Ռուսաստանի փոխարտգործնախարարի և Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի հարցերով հատուկ բանագնաց Միխայիլ Բոգդանովի միջև: Մենք կշարունակենք հետևել նաև իրավիճակի հետագա զարգացմանը:
Սերգեյ Շաքարյանց