Ռուսաստանը մտահոգված է Կիպրոսի ափերին Թուրքիայի գործողություններով

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Կիպրոսի ջրերում Թուրքիայի կողմից կատարվող հորատման աշխատանքների վերաբերյալ։ «Ռուսաստանը մտահոգված է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում տեղի ունեցող զարգացումներով,- նշված է մեկնաբանության մեջ:- Կիպրոսի ինքնիշխանության խախտումը չի կարող նպաստել Կիպրոսի խնդրի տևական, կենսունակ և արդարացի լուծման պայմանների ստեղծմանը»:

ՌԴ արտգործանախարարությունը կողմերին կոչ է արել զերծ մնալ լարվածությունն ավելի խորացնող քայլերից։

Մոսկվան կողմերին կոչ է արել  նաև զսպվածություն և քաղաքական իմաստնություն ցուցաբերել և խնդրո առարկա հակասությունները լուծել երկխոսության ու միմյանց շահերը հարգելու սկզբունքով։

«Ակնհայտ է, որ անհրաժեշտություն կա հնարավորինս արագ վերսկսել Կիպրոսի հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցությունների գործընթացը՝ հիմնված ՄԱԿ-ի հայտնի որոշումների վրա։ Մենք՝ որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի  մշտական անդամ, պատրաստ ենք աջակցել այդ ջանքերին»,- նշված է  ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Թուրքիան Կիպրոսի բացառիկ տնտեսական գուտում բնական գազի որոնման աշխատանքներ է կատարում՝ պնդելով, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը ևս իրավունքներ ունի կղզու ափամերձ բնական պաշարների նկատմամբ։ Մինչդեռ Կիպրոսի Հանրապետությունը համոզված է, որ Թուրքիայի գործողություններն անօրինական են, իսկ Կիպրոսը, որպես կղզու միակ պաշտոնապես ճանաչված պետություն, բացարձակ իրավունքներ ունի կզղու հարակից ջրերի օգտակար հանածոների նկատմամբ։