Արմավիրի մարզի բնակիչն իր ջերմոցում ցանել և աճեցրել է «կանեփ» տեսակի բույս

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է շրջանառությունն արգելված առանձնապես խոշոր չափերի՝ թունավոր նյութեր պարունակող բույսեր աճեցնելու և առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայության տեղեկացմամբ, մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի բնակչին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Արմավիրի մարզի բնակիչը՝ ծնված 1948թ., 2018 թվականի ամռանն իր տան հարակից այգում գտնվող ջերմոցում, ցանել, խնամել և աճեցրել է շրջանառությունն արգելված «կանեփ» տեսակի՝ 13 500 գրամ զանգվածով՝ առանձնապես խոշոր չափերի 127 բույս:

Բացի դրանից, 71-ամյա տղամարդը իր աճեցրած կանեփի բույսից առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար ձեռք է բերել զգալի չափի՝ 1 950 գրամ ընդհանուր զանգվածով «կանեփ» տեսակի թմրամիջոց և ապօրինի պահել ջերմոցի ձախակողմյան հատվածում՝ խոտերի վրա:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 71-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և  268-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: