Իրանի դեմ պատժամիջոցները ռիսկային են հենց ԱՄՆ-ի համար

ԱՄՆ-ի ղեկավարությունը, ինչպես հայտնի է, համոզված է, որ հակաիրանական պատժամիջոցները պետք է ստիպեն Թեհրանին համաձայնել ԱՄՆ-ի պահանջներին։

«Ես համոզված եմ, որ պատժամիջոցները․․․ հարկ եղած ազդեցությունը կունենան և կհանգեցնեն իրանական ռեժիմի վարքի փոփոխությանը․․․ Մենք դա հնարավոր ենք համարում»,- «Fox News Sunday»-ի եթերում օրերս հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Մինչդեռ, նոյեմբերի 19-ին Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ «Իրանը ոչ միայն կդիմագրավի ԱՄՆ նոր պատժամիջոցներին, այլև կբարգավաճի»։ Ինչպես հաղորդել է IRNA գործակալությունը, նույն օրն Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ելույթ ունենալով Խոյ քաղաքում, ասել է․ «Ես շնորհակալությունս եմ հայտնում Իրանի ժողովրդին՝ թշնամիներին դիմակայելու համար։ Նրանք փորձում են ստիպել մեզ փոշմանել, որ իսլամ ենք դավանում, որ անկախություն ու ժողովրդավարություն ունենք։ Նոյեմբերի 4-ը նրանք ցանկանում էին Իրանի համար վերածել տխրության օրվա, բայց իրանցիները դիմադրում են դրան։ Մենք կպաշտպանենք մեր անկախությունը և ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ մի այլ տերություն մեզ չի կարող ընկճել»։

Հետո Ռոուհանին շարունակել է․ «Ես կոչ եմ անում Դոնալդ Թրամփին ու նրա աշխատակազմին ավելի քննական վերաբերվել այն սխալ տեղեկատվությանը, որ նրանք ստանում են Իսրայելից ու հակաիրանական «Մոջահեդին-է Խալկ» (МЕК) կազմակերպությունից։ Հաճախ նրանք այդ ջենտլմենին (Թրամփին – հեղինակ) նույնիսկ սխալ հաշվետվություններ են տալիս, և հետո նա պնդում է, որ Իրանի ոչ մի քաղաք հանգիստ չէ, և ամենուր քաոս է, բոլոր իրանցիները սոված են։ Իսրայելը, հակահեղափոխական ուժերը, մոնաֆեկինները (երկերեսանիները, ինչպես Իրանում անվանում են MEK անդամներին – հեղինակ) և սիոնիստները այդ սխալ տեղեկատվության աղբյուրն են, և ԱՄՆ-ը մտածում է, որ կարող է Իրանի դեմ իր նպատակին հասնել մի քանի ամիս ճնշում գործադրելով»։

Եզրափակելով, Ռոուհանին ընգծել է աշխարհի գրեթե բոլոր պետությունների ու ժողովուրդների, նույնիսկ եվրոպացիների հակազդեցությունը Իրանի վրա ԱՄՆ-ի ճնշմանը, և հայտարարել է, որ իրանական կառավարությունը և ժողովուրդը ԱՄՆ-ի նկատմամբ հաղթանակ կտոնեն։

Ինչպես հաղորդում է «Tehran Times» թերթը, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) քարտուղար, ծովակալ Ալի Շամխանին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանն ընդունել է անհրաժեշտ որոշումները՝ վերադառնալու «Իրան – վեցյակ» մինչմիջուկային համաձայնագրի կարգավիճակին (JCPOA)։ Այդ որոշումներն ընդունվել են ի պատասխան միջուկային գործարքի մնացած անդամների անգործության, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ այդ գործարքից, նշել է Շամխանին, ի նկատի ունենալով, առաջին հերթին, JCPOA պայմանագրին մասնակից ԵՄ անդամ երկրներին, որովհետև Ռուսաստանն ու Չինաստանը անբասիր կերպով կատարում են Իրանի հետ միջուկային համաձայնագրի պայմանները․

«Հաշվի առնելով մնացած կողմերի պասսիվությունն ԱՄՆ-ի անհարիր խոսելաձևի ու պահվածքի պարագայում, Իրանը հիմնվելով սեփական ազգային շահերի ու պարտավորությունների վրա, ընդունել է որոշումներ, որոնք անհրաժեշտ են մինչ այդ պայմանագիրն եղած կարգավիճակին վերադառնալու համար»,- ասել է ԱԱԲԽ-ի քարտուղարը (ընդգծումը՝ հեղինակինը)։

Շամխանին նաև քննադատել է Մեծ Բրիտանիային այն բանի համար, որ այդ երկրի ԶԼՄ-ները աջակցություն են ցուցաբերել սեպտեմբերին Ախվազ քաղաքում ահաբեկչություն կազմակերպած խմբերին, իր քննադատական վերաբերմունքն արտահայտել Մերձավոր Արևելքում Մեծ Բրիտանիայի վարած երկակի քաղաքականության հանդեպ, ի մասնավորի՝ Սաուդյան Արաբիային ու Բահրեյնին զինելու համար։

Այսպիսով, ամերիկյան պատժամիջոցներին գլխավոր պատասխանը հնչեց․ Իրանը հայտնեց ամբողջ աշխարհին, որ ինքն էլ պատրաստ է դուրս գալ JCPOA պայմանագրից։ Կընդունե՞ր, արդյոք, Իրանը JCPOA-ից դուրս գալու նման «անհրաժեշտ որոշումներ», եթե համոզված չլիներ սեփական հաղթանակի մեջ։ Համոզված եմ, ո՛չ։ Նույնիսկ ԱՄՆ-ում արդեն սկսում են կասկածել, որ Թրամփն ամեն ինչ ճիշտ է հաշվարկել հակաիրանական պատժամիջոցների առումով։ Ամերիկացի հեղինակ Բոնի Քրիստիանը «The National Interest»-ի իր հոդվածում պարզ գրում է, որ Վաշինգտոնի սպասումները չեն կարող իրականանալ՝ անկախ պատժամիջոցների խստությունից։ Քրիստիանի կարծիքով, պատժամիջոցներն, ըստ ամենայնի, արդյունավետ չեն լինի, քանզի այդպիսին է դրանց բնույթը․ դրանք խփում են հասարակության չպաշտպանված խմբերին, և երկրի քաղաքական ղեկավարությանը հազվադեպ են հարկադրում փոխել մոտեցումները։ Ըստ նրա, դա առանձնապես արդիական է, երբ խոսքն Իրանի մասին է, ուր «բնակչությունն իրական հսկողություն չունի իր կառավարության գործողությունների վրա»։

Ներենք Բոնի Քրիստիանի անտեղյակությունն Իրանում ժողովրդավարական արժեքների և իրականության վերաբերյալ․ դրանով տառապում են աշխարհի բոլոր իսրայելամետ ուժերը։ ԱՄՆ-ի կողմից Իրանում ժողովրդավարության աստիճանի պարբերական գնահատումներն առնչություն չունեն գոյություն ունեցող իրականության հետ, առավել ևս, եթե այն համեմատելու լինենք ԱՄՆ-ի իշխանական վերնախավի որոշումների ընդունման վրա ամերիկյան ժողովրդի ազդեցության բացակայության հետ։ Իրականում Իրանը միակ երկիրն է աշխարհում, ուր կրոնական բոլոր խմբերն իրենց ներկայացուցիչներն ունեն օրենսդիր և գործադիր իշխանությունների մարմիններում՝ իրենց համայնքի անդամների քանակի համամասնությամբ։ Ներկայացված են նաև Իրանի հայերը, ընդ որում, ԻԻՀ Սահմանադրությամբ հենց նրանք են ներկայացնում երկրի բոլոր քրիստոնյաներին։ Հրեաները, զրադաշտականները նույնպես ներկայացված են։ Մինչդեռ, նույնիսկ ԱՄՆ-ում հայերը երաշխավորված ներկայացվածություն չունեն իշխանության և կառավարման համակարգում։

Վերադառնանք, սակայն, Բոնի Քրիստիանի մտքերին։ Ըստ նրա, պատժամիջոցների չկանխամտածված հետևանքները սպառնում են իրանական ժողովրդի բարեկեցությանը, կարող են վնասել իր դաշնակիցների հետ ԱՄՆ-ի հարաբերություններին և Վաշինգտոնին ներքաշել Պարսկական ծոցի երրորդ պատերազմի մեջ։ Պատժիչ միջոցները, որոնք, ամենայն հավանականությամբ, դրական արդյունքի չեն բերի, ճանապարհ են դեպի շարունակական առճակատումներ, և ոչ թե դեպի համագործակցություն, խաղաղություն և ամերիկյան շահերի պաշտպանություն։ ԱՄՆ-ի նպատակը պետք է լինի Իրանի հետ արգասավոր փոխգործակցությունը։

Հիշյալ հեղինակը գրել է նաև, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում եկել են եզրակացության, որ պատժամիջոցը համակողմանի մի գործիք է, որը կարելի է կիրառել ամեն անգամ, երբ պատերազմը չափազանցություն է թվում, բայց անհրաժեշտություն կա ստիպել այս կամ այն պետությանը՝ համաձայնել ԱՄՆ-ի հետ։ Սակայն, գործնականում հաճախ պարզվում է, որ պատժամիջոցները չեն կարող ապահովել կանխավ ենթադրյալ արդյունքը։

Պատժամիջոցների կողմնակիցները գովազդում են դրանց կիրարկման հաջողված օրինակներ, բայց նմանները շատ քիչ են։ Միջազգային անվտանգության ոլորտում պատժամիջոցների կիրառման 85 դեպքերի վերլուծությունը ցույց տվեց, որ հաջողություն գրանցվել է ընդամենը 4 դեպքում։ Դա վկայում է այն մասին, որ պատժամիջոցները չեն կարող երաշխավորել հիմնական արտաքին-քաղաքական նպատակներին հասնելը, բայց կարող են լուրջ վնաս հասցնել այն երկրի բնակչությանը, որի դեմ այդ պատժամիջոցները մտցվել են։ Ըստ այդմ, կարող են տուժել անմեղ քաղաքացիական անձինք, ովքեր ոչ մի առանձնակի ազդեցություն սեփական կառավարության գործողությունների վրա ունենալ չեն կարող։

Նշենք, որ այսպիսի նախազգուշացումներն ԱՄՆ-ում քիչ չեն։ Հիշում եմ, թե ինչպես դեռ 90-ականների սկզբում գիտնականներ, ամուսիններ Հանթերները նախազգուշացնում էին Սպիտակ տանը, որ պետք է հեռանալ Իրանի հետ առճակատման ճանապարհից, այլապես Մերձավոր Արևելքում ամերիկյան շահերին երկարաժամկետ վտանգ է սպառնում։

«Իրանի բնակչությունն անցյալում իր վրա արդեն զգացել է ամերիկյան պատժամիջոցների բացասական հետևանքները,- դեռ 2013 թ․ գրել է իրանա-ամերիկյան ռեժիսոր Բեհշթեհ Ֆարշնեշանին «The New York Times»-ում հրապարակված հոդվածում։-  Վերջին մեկուկես տարում աղքատության շեմից այն կողմ ապրող ընտանիքների քանակը 22%-ից հասել է 40%-ի, ռիալն արժեզրկվել է 40%-ով, իսկ մթերքի գները, ինչպիսիք են կաթը, թեյը, միրգն ու բանջարեղենը, թռիչքաձև աճել են․․․ Ավելին․ միլիոնավոր իրանցիների առողջությունը վտանգված է դեղորայքի պակասի պատճառով»։

Ըստ Բեհշթեհ Ֆարշնեշանի, պատժամիջոցների վերականգնումից հետո նման իրավիճակը կարող է կրկնվել։ Պատժամիջոցներն ուղղված են Իրանի բանկային համակարգի դեմ․ դրանք կարող են հանգեցնել դեղորայքի մատակարարումների չեղարկմանն ու եղած պահուստի վերանալուն, ինչն էլ մահեր կբերի քաղաքացիական բնակչության շրջանում։

«Ամերիկյան պատժամիջոցներով ստեղծված դեֆիցիտը կսնուցի Իրանում հակաամերիկյան տրամադրությունները, ամրացնելով կառավարության ու ծայրահեղական տարրերի դիրքերը, որոնց ԱՄՆ-ը ցանկանում է թուլացնել,- գրել է Բոնի Քրիստիանը «The National Interest»-ի էջերում։- Ռազմական ընդհարման հավանականությունը թվում է լրիվ իրական։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ պատժամիջոցները կարող են հանգեցնել «ռազմական իրավիճակի» ստեղծմանը, և հավելել է, որ Իրանը կպայքարի և կհաղթի։

Իրանին բանակցությունների սեղանի մոտ բերելու համար Թրամփի աշխատակազմը կարող էր օգտագործել Բարաք Օբամայի պատժամիջոցների սխեման, սակայն չի կարող կրկնել Օբամայի դիվանագիտական մոտեցումը, եթե նույնիսկ ցանկանա։ Օբամայի աշխատակազմը ձգտում էր Իրանի հետ սահմանափակ գործարք կնքել, իսկ Թրամփն Իրանից լուրջ զիջումներ ու գործելակերպի կտրուկ փոփոխություն է պահանջում։ Այս ամենը կատարվում է միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու ֆոնի վրա, թեև բազմաթիվ են վկայություններն այն բանի, որ Իրանը կատարել համաձայնագրով նախատեսված իր բոլոր պարտավորությունները»։

Հեղինակը նշել է նաև Վաշինգտոնի համար գլխավոր ռիսկը․ «․․․Ավելի ու ավելի խստացող պատժամիջոցները մեծացնում են անտեղի ռազմական ընդհարման ռիսկը։ Սակայն, եթե նույնիսկ հնարավոր լինի խուսափել Իրանի հետ ռազմական առճակատումից, ԱՄՆ-ի անվտանգությունը, միևնույն է, վտանգված կլինի։ Բացի դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացումից, պատժամիջոցները սահմանափակում են ԱՄՆ-ի հնարավորությունները, և Իրանի հետ հարաբերություններում արհեստական լարվածություն են ստեղծում․․․ ԱՄՆ-ի դիվանագիտական հնարավորությունները մնում են խիստ սահմանափակ, քանի որ միջուկային համաձայնագրից Թրամփի դուրս գալը քանդեց այն փխրուն դրական հարաբերությունները, որոնց մեծ ջանքերով կարողացել էին հասնել տասնամյակների փոխադարձ ատելությունից հետո» (ընդգծումը՝ հեղինակինը)։

Հայաստանի յուրաքանչյուր եկող իշխանության հարկ կլինի հաշվի առնել ԱՄՆ-ի սթափ մտածող մասի կարծիքը, և ոչ թե Իսրայելի կամ Վաշինգտոնում վերջինի  գաղափարակիցների ցանկությունները։

 

Սերգեյ Շաքարյանց