Բյուջեի նախագիծն ի ցույց է դնում հեղափոխական կառավարության իրական կարողությունները

Ազգային ժողովում վերջին օրերին քննարկվում էր 2019թ. բյուջեի նախագիծը, որը դեռ չընդունված, արդեն հասցրել է բազմաթիվ մասնագիտական քննադատությունների արժանանալ: Պատճառը եկող տարի բոլոր ոլորտներում կանխատեսվող ցուցանիշների անկումն է, ինչը որևէ լավ բան չի խոստանում ո՛չ տնտեսության զարգացման համար, ո՛չ էլ, ընդհանրապես, հասարակական կյանքի բարելավման տեսանկյունից: Չնայած դրան, խորհրդարանում իրեն կառուցողական ընդդիմություն համարող Հանրապետական խմբակցությունը պատրաստվում է վաղը կողմ քվեարկել նախագծին՝ հասկանալով, որ այս պահին այլընտրանք գոյություն չունի:

Այս առնչությամբ ու բյուջեի հետ կապված խնդիրների վերաբերյալ է մեր հարցազրույցը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ:

Պարոն Մինասյան, ձեր կուսակցությունը դժգոհ է կառավարության ներկայացրած բյուջեի նախագծից, և վերջին օրերի քննարկումների ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավորները չեն թաքցրել դա: Այնուհանդերձ, պատրաստվում ենք նպաստել նախագծի ընդունմանը: Ինչո՞ւ․․․

-Բյուջեի նախագիծը քննադատելով հանդերձ, հասկանում ենք, որ 6-րդ գումարման խորհրդարանն ավարտում է իր լիազորությունները, և մենք հասարակությանը պետք է ընդունված բյուջե թողնենք: Առանց բյուջեի, կառավարության գործունեությունը հնարավոր չէ, կաթվածահար կլինի, ուստի այսօր ձեռքի տակ եղած այդ փաստաթղթին պետք է ապրելու իրավունք տրվի: Այլ բյուջեի համար այլևս ժամանակ չկա:

Ըստ ձեզ, ինչպիսի՞ն է այդ նախագծով ներկայացված բյուջեն, հաջորդ տարի ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ տնտեսության ոլորտում և, ընդհանրապես, հասարակության կյանքի բարելավման առումով:

-Ներկա կառավարությունը հեղափոխությունից հետո նույնպիսի հեղափոխություն էր խոստանում իրականացնել նաև երկրի տնտեսության մեջ՝ հավաստիացնելով, թե իրենք կապահովեն պետական և արտաքին ներդրումների աճ, արտահանման աճ, սակայն ԱԺ-ի հաստատմանը ներկայացրած եկող տարվա բյուջեի նախագծով կառավարությունը հաստատեց՝ խոստումներն իրենց համար անիրագործելի են, կառավարությունն առերեսվեց այն խնդիրների հետ, որոնք, դեռ իշխանափոխությունից առաջ իրենց խոստումների համաձայն, պետք է որ ի զորու լինեին լուծել:

Պատահական չէ, որ վարչապետի պաշտոնակատարը բյուջեի նախագիծն իներցիոն է անվանել, հաշվի առնելով, որ եկող տարի ակնկալվող տնտեսական աճն այս և նախորդ տարվա, այսինքն՝ նախորդ կառավարության իրականացրած տնտեսական ծրագրերի արդյունք է լինելու, մինչդեռ իր սպասումները հեղափոխական էին:

Իրականում ես բյուջեի նախագիծը հետադիմական (ռեգրեսիվ) եմ համարում, քանի որ դրանում հետընթաց է արձանագրվում բոլոր տնտեսական կարևոր ուղղություններով: Ասածս ներկայացնեմ թվերով ու համապատասխան ցուցանիշներով: 2017թ. մենք 7,5 տոկոս տնտեսական աճ ենք արձանագրել, այս տարի 6,5 տոկոս տնտեսական աճ ենք ակնկալում, 2018թ․ առաջին վեց ամիսների համար այդ ցուցանիշն ապահովվել է, մինչդեռ եկող տարվա համար, ըստ բյուջեի նախագծի, ընդամենը 4,9 տոկոս տնտեսական աճ է նախատեսվում: Դա ակնհայտ նվազում է:

Այս տարվա 6,5 տնտեսական աճը պայմանավորված է նրանով, որ առաջին եռամսյակում բավականին բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել՝ 9 տոկոս: Այսինքն՝ այդ ամիսներին ձեռք բերված արդյունքների շնորհիվ է այս տարվա տնտեսական աճի բարձր ցուցանիշն ապահովվել, մինչդեռ իշխանափոխությունից հետո ցուցանիշները նվազել են: Թերևս հենց դրանով է պայմանավորված նաև եկող տարվա ցածր տնտեսական սահմանագիծը:

Ինչ վերաբերում է ֆինանսական ներդրումներին, ապա այդ բնագավառում ևս աճի տեմպերը նվազել են, ինչը վկայում է, որ առաջիկա տարիներին մեր տնտեսությունն ամենևին մրցունակ չի լինելու, հետևաբար այլ ոլորտներում՝ պաշտպանության, սոցիալական, մշակութային, ներդրումների ավելացումներ և բարեփոխումներ չեն լինելու: Եթե 2018թ. առաջին կեսին կապիտալ ներդրումներն աճել էին 76,1 տոկոսով, ապա ամբողջ տարվա համար ակնկալվում է ավելի քան երկու անգամ պակաս ներդրումների աճ՝ 32,7 տոկոս: Իսկ եկող տարվա համար ակնկալվող աճը, ցավոք, ծիծաղելի է՝ ընդամենը 6,1 տոկոս:

Մասնավոր ֆինանսական ներդրումների ոլորտում պատկերը գրեթե նույնն է. ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 86,9 տոկոս ներդրումներ են իրականացվել, ամբողջ տարվա համար ներդրումների միայն 52 տոկոս աճ է ակնկալվում, իսկ եկող տարվա համար՝ 3 տոկոս: Սա ակնկալելի արդյունք է, քանի որ ներկա կառավարությունը թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար, ճիշտ քաղաքականություն չի իրականացնում: Մեզ համար շատ կարևոր են հատկապես օտարերկրյա ներդրումները, և ներկա կառավարությունը պետք է դրանց համար մեզանում գրավիչ պայմաններ ապահովելով հանդերձ, նաև ճիշտ ուղերձներ ուղարկի դուրս: Մինչդեռ, վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունները խրտնեցնում են ողջամիտ ներդրողին: Օրինակ, նա ասում է, թե Հայաստանը կղզի է առանց նավահանգիստների, մեր երկրում 700 հազար ծույլ մարդ կա, մեր հարավային սահմանն Իրանի Իսլամական Հանրապետության հետ վտանգված է և կարող է շատ անակնկալ կերպով փակվել: Այս հայտարարություններից հետո ներդրողը Հայաստանն արդյոք հուսալի երկիր կհամարի՞, կգա՞ այստեղ որևէ բիզնես հիմնելու կամ ներդրումներ անելու մտադրությամբ:

Ապրանքների արտահանման աճի առումով ևս մեր պետությունը շահեկան վիճակում չէ: Նախորդ տարի արտահանումների ծավալը կազմել է 24, 9 տոկոս, այս տարի՝ 15, 7 տոկոս, հաջորդ տարի նվազման միտումը շարունակվելու է՝ հասնելով մինչև 14 տոկոսի: Այս բոլոր ցուցանիշներն արտահայտված են կառավարության կողմից ներկայացված 2019թ. բյուջեի նախագծում:

Անդրադառնալով սպառման իրական աճին, ասեմ, որ եթե մեր հասարակությունն ունի վճարունակ պահանջարկ, ապա սպառումը բարձրանում է, և հակառակը՝ սպառման ցուցանիշներն արտացոլում են հասարակության սոցիալական վիճակը, նրան վճարունակ լինելու աստիճանը: Եթե 2017թ. սպառման իրական աճը կազմել է 9,6 տոկոս, ապա ընթացիկ տարում սպառման աճի կտրուկ անկում է սպասվում՝ 5,4 տոկոս: Հաջորդ տարի անկումը շարունակվելու է՝ հասնելով մինչև 5 տոկոսի: Այսինքն՝ կյանքն ավելի է դժվարանալու, մարդիկ ավելի անվճարունակ են դառնալու:

Այսօրվա իշխանությունների թիրախավորված պայքարը տնտեսության ոլորտում առկա ստվերի և կոռուպցիայի դեմ որքանո՞վ է արդյունավետ:

-Դա կարելի է պարզել կառավարության իրականացրած վարչարարության շնորհիվ. կա մի ցուցանիշ, որն արտացոլում է, թե ստվերի դեմ պայքարը որքանով  է արդյունավետ: Դա կառավարության կողմից բյուջե ներգրավելու համար նախատեսված ֆինանսական միջոցների ծավալն է: Այսօր խոսվում է 30-40 տոկոս ստվերի առկայության մասին, իշխանություններն էլ պարբերաբար պնդում են, թե այդ ստվերը բյուջե բերելու անսահման ցանկություն ունեն: Բայց եթե այս տարի ստվերի դեմ պայքարին նպատակաուղղված միջոցառումների արդյունքում նախատեսված է բյուջե ներմուծել 20,5 միլիարդ դրամ, եկող տարի այդ թիվը փոխանակ կտրուկ ավելանա՝ մոտենալով ՀՆԱ-ի գոնե 30 տոկոսին, ըստ բյուջեի նախագծի, կազմելու է ընդամենը 24,9 մլրդ դրամ: Այդ դեպքում ի՞նչ եղավ կառավարության կամեցողությունն ու իրականացրած ծրագրերի արդյունավետությունը: Մենք տեսնում ենք, որ ստվերը ամենևին չի կրճատվելու, համենայն դեպս, կառավարությունը նման հաշվարկ չի ներկայացրել բյուջեի նախագծում:

Անդրադառնամ կոռուպցիայի դեմ պայքարին: Եթե հարկային եկամուտների աճը եկող տարվա համար 1,3 տոկոս է նախատեսվել, ներդրումների ծավալներն ավելանալու փոխարեն, նվազել են, ապա կոռուպցիայի դեմ պայքարելու մասին խոսք լինել չի կարող, հակառակ դեպքում այդ ցուցանիշները պետք է էականորեն աճեին: Եվ հետո՝ մինչև օրս կոռուպցիայի հիմքով որևէ քրեական գործի վերաբերյալ ութ ամիսների ընթացքում դատական վճիռ չի կայացվել: Ակնհայտ է, որ մենք գործի ու խոսքի հակասության ականատեսն ենք, իշխանությունները միայն ամպագոռգոռ հայտարարություններ են անում, բայց փաստերով ու թվերով դրանք չեն կարողանում ապացուցել:

Մեր քաղաքական ուժը ևս, որքան կարողացել է, պայքարել է կոռուպցիայի ու ստվերի դեմ, և մենք լավ գիտենք, թե դրանց չափման միավորը որն է, գիտենք նաև պայքարի ուղիները: Այնպես որ, մարդկանց միայն խոսքերով հնարավոր չէ մոլորեցնել: Վաղ թե ուշ, ամեն ինչ ջրի երես է դուրս գալու, և հայտնի հայտարարությունների հեղինակները ժողովրդի առջև պատասխանատվություն են կրելու իրենց ասածների համար:

 

Հարցազրույցը՝ Թագուհի Ասլանյանի