ԱՀ նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է 2019 թ․ պետական բյուջեի նախագծի հաստատմանը նվիրված Ազգային ժողովի նիստին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է 2019թ․ պետական բյուջեի նախագծի հաստատմանը նվիրված Ազգային ժողովի նիստին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահ Բակո Սահակյանի պաշտոնական էջից։
Իր ելույթում Բակո Սահակյանը կանգ է առել բյուջեի նախագծի որոշ ուղղությունների վրա:
«Բյուջեում արտացոլված են մեր երկրի տնտեսական զարգացման հիմնարար սկզբունքները, որոնց բաղադրիչներն են՝ դինամիկ և համաչափ զարգացող տնտեսությունը, ներհայկական տնտեսական ինտեգրացիայի բարձր աստիճանի ապահովումը և սոցիալական պետության կարեւորագույն ատրիբուտների պահպանումը: Առանձին ուշադրության կենտրոնում եղել և մնում են բանակաշինության, անվտանգության, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ոլորտները: Այսուհետ էլ արվելու է հնարավոր ամեն ինչ բանակի մարտունակության հետևողական բարձրացման, զինված ուժերը ժամանակակից զինտեխնիկայով համալրման, քաղաքացիական պաշտպանության համակարգի ամրապնդման ու արդիականացման, զինծառայողների, վետերանների և հաշմանդամների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ» – ընդգծել է նախագահ Սահակյանը:
Իր խոսքում նախագահը նշել է, որ տեղի են ունեցել բյուջեի նախագծի բազմակողմանի ու համապարփակ քննարկումներ՝ նախատեսված բոլոր փուլերով, պատգամավորները հնարավորություն են ունեցել ծանոթանալու բյուջեի տրամաբանությանը, դրա հնարավորություններին ու կազմման գործընթացին և հայտնելու իրենց կարծիքներն ու տեսակետները:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին բյուջետային քննարկումներին ակտիվ մասնակցության ու համագործակցության համար և առաջարկել բյուջեի նախագծի ներկայացված վերջնական տարբերակն ընդունել որպես օրենք:
Տեղի ունեցած քննարկումների արդյունքում Ազգային ժողովն ընդունել է Արցախի Հանրապետության 2019թ․ պետական բյուջեն: