Իրանը սկսեց զբաղվել Ադրբեջանով

Վերջին օրերին Իրանը բուռն ակտիվություն է ցույց տալիս իր երկու հարևանների՝ Պակիստանի և Ադրբեջանի հետ սահմանային և անվտանգության հետ կապված հարցերում։ Անկասկած, մեզ ավելի շատ հետաքրքրում է Իրանի ակտիվությունը հենց Արաքսից հյուսիս տարածքներում, սակայն այն փաստը, որ Իրանի Սահմանապահ զորքերը մտել են Պակիստան և իրենց երկրի թշնամիների դեմ գործում են ուրիշի հողի վրա, անկարևոր չէ Թեհրանի հարևանների համար։

Առաջինը․ դա կարևոր է, որովհետև ինքը՝ Իրանն է աշխարհին տեղյակ պահում Պակիստանում իր սահմանապահների գործողությունների մասին։ Երկրորդը․ խոսելով Իրանի Սահմանապահ ծառայության մասին, պետք է միշտ հիշել, որ այդ ստորաբաժանումը ենթարկվում է Իսլամական հեղափոխության պահակազորին (ԻՀՊ)։ Այսպիսով, Պակիստան են մտել հենց Իրանի ԻՀՊ-ի զորքերը։ Այսինքն՝ ԻԻՀ Գերագույն առաջնորդ Սեյեդ Համենեիի օրհնանքը կա։ Եվ Պակիստանը չի համարձակվում դիմադրել․․․

Ինչպես արդեն նշեցի, իրանական սահմանապահներն արդեն Պակիստանի «աշխատում են» թշնամու դեմ։ Ընդգծում եմ՝ Իրանն իր բոլոր հարևաններին կստիպի հաշվի նստել այն բանի հետ, որ իր սահմանների անվտանգությունը տարածաշրջանի գլխավոր խնդիրն է։

Դեկտեմբերի 11-12-ին պաշտոնական այցով Ապշերոնում էր գտնվում Իրանի Սահմանապահ ծառայության հրամանատար, գեներալ Քասեմ Ռեզային։ Հատուկ ընդգծեմ․ 2016 թ․ ապրիլի 1-ին գեներալ Ռեզային Արևմտյան Ադրբեջան նահանգի նահանգապետի՝ անվտանգության գծով տեղակալի հետ լրջորեն զբաղված էր Հորադիզի բարձունքներից հարավ ընկած տարածքներում կրակի դադարեցման հարցերով։ Գեներալ Ռեզայիից հետո պաշտոնական այցով Բաքու ժամանեց նաև․․․ Իրանի Հետախուզության և տեղեկատվության նախարար Մահմուդ Ալավին։

Եթե գեներալ Ռեզայիի այցի կապակցությամբ իրանական մամուլը, մասնավորապես՝ IRNA-ն, տեղեկացնում էին, որ Իրանի Սահմանապահ ծառայության ղեկավարն Ապշերոն է եկել Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիևի հրավերով՝ մասնակցելու երկու երկրների Սահմանապահ զորքերի հրամանատարների 11-րդ հանդիպմանը, ապա նախարար Ալավիի այցի առումով նույն IRNA-ն սահմանափակվեց չոր ձևակերպումով․ «երեկ պաշտոնական այցով Բաքու ժամանեց․․․»։ Նկատենք, որ, ի տարբերություն Էլչին Գուլիևի, ոչ ոք Ալավիին չէր հրավիրել, նա Ապշերոն էր եկել Իրանի բարձրագույն իշխանության որոշակի ծրագրով։ Այդ ծրագրի էությունը, կարծում եմ, ադրբեջանական իշխանություններին ուղղակիորեն նախազգուշացնելն է, որ այսուհետ Թեհրանն առավել ուշադիր է հետևելու ամենին, ինչ կատարվում է իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով։

Դեկտեմբերի 11-ին Իրանի գլխավոր սահմանապահը հանդիպել է «Ապշերոնի խան» Իլհամ Ալիևի ու նրա պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, իսկ դրանից հետո նաև՝ Ադրբեջանի ՆԳՆ նախարարի։ Դեկտեմբերի 12-ին նա մի ամբողջ աշխատանքային օր է անցկացրել Էլչին Գուլիևի հետ։ Դե, իսկ դրանից էլ հետո, ինչպես գրում է իրանական մամուլը, «11-րդ հանդիպման ետնաբեմերում» Ռեզային և Է․ Գուլիևը «սահմանների անվտանգության վերաբերյալ փաստաթուղթ են ստորագրել»։ IRNA-ն նշում է, որ, «համաձայն այդ փաստաթղթի, երկու երկրները կընդլայնեն տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև կխորացնեն համագործակցությունը սահմանի երկայնքով թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում»։

Ինչպես տեսնում ենք, ստորագրված փաստաթղթի մասին տեղեկություններ գրեթե չկան, ինչպես և չկան Ալիևի, Հասանովի և այլ պաշտոնյաների հետ Ռեզայիի հանդիպումների ժամանակ քննարկված որոշակի հարցերի մասին։ Հայտնի է միայն, որ Ռեզային ու Գուլիևը հայտարարել են, թե համագործակցության արդյունքում սահմանների անվտանգությունը կապահովվի բարձր մակարդակով։

Դեկտեմբերի 14-ին նախարար Ալավին հանդիպել ու բանակցություններ է վարել միայն Ի․ Ալիևի հետ։ Կամ էլ Իրանի ԶԼՄ-ները որոշել են հայտնել միայն Ալավի-Ալիև հանդիպման մասին, թեև դրա մանրամասներն էլ, ըստ էության, չեն հաղորդել։ Այս պայմաններում կարծում եմ, որ երբ Իրանից իրար հետևից Ապշերոն են ժամանել երկու ուժայիններ, նրանց առաքելությունն եղել է պաշտոնական Բաքվին տեղեկացնելը, որ Իրանում գիտեն բաքվեցիների որոշակի ծրագրերի մասին՝ ուղղված Հյուսիսային Իրանն ապակայունացնելուն։ Այդպես էր և՛ 2006 թ․, և՛ 2009 թ․, և հետո․․․ Եվ Թեհրանն այն տարիներին նախազգուշացրել էր Ալիևին, թե ինչ կձեռնարկի Իրանը հակաիրանական դրսևորումների ուղղությամբ։

Իսկ թե 2018 թ․ ինչի մասին է նախազգուշացրել գեներալ Ռեզային նախագահ Ալիևին, ավաղ, կիմանանք միայն հաջորդ տարի։

 

Սերգեյ Շաքարյանց