Մարիանյան իջվածքում ջրի արտահոսքը սպասվածից չորս անգամ մեծ է

Մարիանյան իջվածքը գտնվում է երկու տեկտոնական սալերի կցվածքում՝ Խաղաղօվկիանոսյան և Ֆիլիպինյան։ Խաղաղօվկիանոսյան սալը դանդաղ շարժվում է դեպի Ասիան և «սուզվում է» Ֆիլիպինյանի տակ, ուղղվելով դեպի սալի ներքևի շերտերը, երկրի մանտիան։ Սալն իր հետ միասին նաև ջուրն է տանում, սակայն մոլորակի ընդերքն արտահոսող ջրի ճշգրիտ քանակությունը մնում էր անհայտ։ Վաշինգտոնի նահանգի և Նյու Յորքի Սթոնի-Բրուք համալսարանների աշխատակիցների հետազոտությունը թույլ տվեց ճշտել «մարիանյան արտահոսքի» ծավալները։

Որպեսզի ստանան ամենախոր իջվածքից էլ տասնյակ կիլոմետրերով խորացող ընդերքում կատարվողի պատկերը, գիտնականները օվկիանոսի հատակին տեղադրեցին 19 սեյսմոմետրեր, ևս յոթ նման սարքեր տեղադրեցին կղզիներում․ դրանք բոլորը գրանցում էին մեր մոլորակի ներսում տարածվող սեյսմիկ ալիքները։

Սեյսմիկ ալիքներն առաջանում են ինչպես երկրաշարժերի, այնպես էլ զգալի ցնցումներով չուղեկցվող ստորերկրյա տարբեր ֆոնային գործընթացների ժամանակ։ Այդ ալիքների տարածմանը հետևելն արդեն հարյուր տարուց ավելի է, մոլորակի ներքին կառուցվածքն ուսումնասիրելու ստանդարտ մեթոդ է համարվում։ Հենց ալիքների անդրադարձման շնորհիվ էր, որ 1897թ․ գերմանացի հետազոտող Յոհան Վիհերթը հայտնաբերեց Երկրի միջուկը, իսկ մեր օրերում «թակելով լսումները» ամենուր կիրառում են նավթի որոնումներում։ Նույն կերպ երկրաբանները մեր ժամանակներում կարողացել են խորքային շերտերի կառուցվածքի անհամեմատ ավելի որակյալ տվյալներ ստանալ և ճշգրիտ գնահատել մանտիայի մեջ սողոսկող երկրակեղևի հատվածներում առկա ջրի ծավալները։

Ինչպես պարզվեց, նախկին հետազոտությունները մոտ չորս անգամ ավելի փոքր թիվ էին ցույց տալիս, քան տվեց նոր հետազոտությունը։

Ճշգրտված գնահատականն այսպիսի տեսք ունի․ 94±17 տերագրամ մեկ երկայնական մետրի վրա՝ միլիոն տարում, իսկ ավելի հասկանալի միավորներով դա տալիս է 77-111 տոննա խզվածքի ամեն մետրի վրա՝ մեկ տարում։

Օվկիանոսից ջրի նման արտահոսքը մոլորակի չափանիշներով աննշան է, սակայն ջրի անկումը դեպի մանտիայի խորքերն անհետք չի անցնում։ Ջուրը, նույնիսկ ապարների հետ քիմիապես կապված վիճակում, հետո պետք է դուրս գա մակերես, իսկ դա նշանակում է, որ այն ինչ-որ կերպ հայտնվում է հրաբուխներից ժայթքող նյութի մեջ։

Տասնյակ կիլոմետրերով դեպի խորքեր դանդաղ ընկղմվող օվկիանոսյան երկրակեղևի հետ կապված երկրաբանական գործընթացների մասին ավելի ճշգրիտ պատկերացումները կարող են օգնել ջրի գլոբալ շրջապտույտի ընկալմանը։ Եվ, բացառված չէ, նաև հրաբխային ակտիվությունը հասկանալուն։