Կլինե՞ն արտահերթ ընտրություններ. այո՛

ա/. Նիկոլին պրոեկտավորածներին հարկավոր է նոր «էքշըն»` հանրությանն զբաղեցնելու համար. Նիկոլ կոչվող երևույթն սպառել է հնարավորությունները:

բ/. Խորքային գնահատականի դեպքում պետք է արձանագրել`այդ «երևույթը» խոշոր հաշվով չէր եկել Արցախը տալու. նա ուներ մեկ առաքելություն` Հայաստանը, Արցախը քայքայել խորքից, ներսից. մնացյալը տեխնիկայի գործ է: Այդով` հային անվերջ պահել լարվածության լադի վրա` քաոսը դարձնել կյանքի անբաժան ուղեկից. քաոսը կարգ ու կանոնի կատարյալ ձևն է`չմոռանանք:

Քայքայելու բան էլ չկար:

գ/.Վերջին Բաստիոնն ընտրություններն են. նա կավերի, կխոշտանգի այդ ինստիտուտը ևս` կեղծիքների այնպիսի դոզավորմամբ, որն այնպիսի ցավ կապահովի երկրի, «սիրելի ժողովրդի», ընտրության մասնակիցների համար, ինչպիսին «ապահովեց» պատերազմը, որ բացի հողեր, հայրենիք տալուց, ցավի այնպիսի դաշտ տարավ հային, որ վերականգնվելու համար դարեր ու սերունդների խիզախում են պետք:

Այս ամենը ընտրություններ անցկացնելու «ամենաանհետաքրքիր» բաղադրիչներն են:

Ընտրությունները պետք են առաջին հերթին պառլամենտի լանդշաֆտը փոխելու համար: Դրանում, ի դեպ, շահագրգիռ են նաև գեոխաղացողները, առաջին հերթին Ռուսաստանը և իհարկե` Թուրքիան` յուր սատելիտներով և դե-ֆակտո կուրատորներով:

Առկա պառլամենտը, որն իրականում լեգիտիմ ընտրված է, քաղաքական-բարոյական խոր մաշվածության մեջ է, և հասկանալիորեն, թե Փաշինյան Նիկոլին, թե գեոխաղացողներին ձեռք չի տալիս, որ նման պառլամենտը վավերացնի եռակողմ հայտարարությունը, որը դատելով ռուսական անհանգստություններից, փորձ է արվում արագ վերածել համաձայնագրի, որն էլ անհրաժեշտություն կունենա խորհրդարանական հաստատման-վավերացման: Եվ որքան էլ Ռուսաստանում պանի Պեսկովը, մադամ Զախարովան, հայազգի Լավրովը պնդում են, թե մայր-Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի ներքին գործերին, մայր-Ռուսը փորձում է հայաստանյան ապագա պառլամենտում տեսնել ոչ թե սորոսաձև-սորոսածին-էրդողանամերձ ուժերի, այլ իր կուրացիայի, իրեն հավատավոր-աչուկներ անողների: Էլ չասենք, որ պառլամենտում խիստ ծանրակշիռ ներկայություն (գուցե և Փաշինյանի ներկայացվածությանը հավասար) Ռոբերտ Քոչարյանի մասին, որպեսզի ի անհրաժեշտություն, քաղաքական տրանսֆորմացիան-անցումը (եթե Նիկոլ-երևույթը իրեն ճիշտ չպահի) դեպ Քոչարյան սահուն լինի պառլամենտում:

Կարծում ենք, ոչ ոք չի կասկածում, որ Նիկոլն ապագա պառլամենտում կունենա լուրջ ներկայացվածություն, նախ որ. օխլոսը դեռ ոտքի վրա է, և «զոմբիացված» է հարկավոր չափով` դեպ մոլագար Նիկոլ, երկրորդ. վարչական ռեսուրսը միշտ էլ ստիպել է իր հետ հաշվի նստել, երրորդ, կարծես պահպանվում է ռեյտինգային համակարգը, ինչը նույնպես լուրջ գործոն է, և վերջապես` ամենամեծ չափորոշիչը` կեղծիքներ. ոչ մի բանի առջև Նիկոլը կանգ չի առնելու. չմոռանանք երբեք` ԿԸՀ-ում դանթում է դեռևս ամենահին, ամենանախկին ընտրակեղծարար-պահակը` Մուկուչյան Տիգրանը:

Հարցնում եք` «ա Պոլշա՞». իսկ ընդդիմությո՞ւնը. ինչպե՞ս կվարվի ընդդիմութունը: Կա՞ նման կատեգորիա Հայաստանում: Եթե այո, ապա այն պետք է երևակվեր պատերազմի ժամանակ: Չկա նաև այսօր: Եղածն էլ այն ռեսուրսն ու ուժը չունի, որպեսզի Փաշինյանին (իրականում` Ռուսաստանին, իրականում` Թուրքիային, իրականում` Մեծ Բրիտանիային, իրականում` ԱՄՆ-ին) հակադարձի, իսկ որ Փաշինյանի հարցում նրանք բոլորը խիստ ներդաշն են, երկրորդ կարծիք չի կարող լինել. այդպես գործելու՝ ամենքն իրենց պատճառն ունեն, չծանրանանք այսօր դրա վրա:

Չմոռանանք` աստրալում թևածող (կարծես ֆուլ չիպավորված) Փաշինյան Նիկոլին վերամարմնավորվելու շատ մեծ տաղանդով են օժտել նրան պրոեկտավորողները: Ընդորում, բնությունը ևս հոգացել էր սրա մասին. իր տեսակով նա ի ծնե սիմուլյանտ, կապիտուլյանտ, դեմագոգ, անմաքուր, դիվային` լոշտո ականջներով էակ է, և «ճիշտ» աշխատանքի դեպքում` ճիշտ աստրալ «կենդանի» էր ստացվելու անպայմանորեն:

Ստացել են, դրել կոլբայի մեջ, պինդ-պինդ պահում-պահպանում-խնայում են:

Խնդիրն այլ տեղ է. արդյո՞ք տարածաշրջանային զարգացումները հնարավորություն կտան հասնել արտահերթ ընտրությունների: Որը կարծես նախատեսվել է հունիսին:

Ակնհայտ է. բայդենյան վարչակազմը դանդաղ շտապելով է առաջ գնում. և երբ թվում էր, թե փետրվարին արդեն իսկ Իսրայելը կհարվածի Իրանին, Բայդենը փետրվարին դեռ իր առաջին զանգը չէր արել Նաթանյահուին: Չմոռանանք նաև, որ նույն Բայդենը փորձում է վերադառնալ Թրամփի կողմից անուլիրովկա արված Իրանի միջուկային ծրագրին, ինչը ազդանշանում է`տարածաշրջանում նա դեռ ոտքը կախ է գցում արմատական մոտեցումներ դրսևորելու առումով, ինչը չես ասի մայր-Ռուսաստանի մասին:

Ռուսաստանը շտապում է և շատ է շտապում. շատ արագ փորձում է տեղավորվել, լեզու գտնել Թուրքիայի հետ, ընդհուպ մինչև քաղցր լեզու կիրառելով, ինչի ականատեսը եղանք «Ակկոյու» էներգետիկ կենտրոնի բացման ժամանակ, երբ փիս «սիրեկանի» նման` էրդողանին հիշեցրեց` «էս ինչքան վախտ չենք հանդիպել ես և դու, հանդիպենք մի հատ»:

«Հանդիպենք»,- մեծահոգաբար ասաց Թայիբը, չնայած` Ղարաբաղյան պատերազմի «հանդիպումը» կարծես երեկ-մյուս օրն էր տեղի ունեցել, հանդիպումն էլ այնքան բուռն էր, որ հայի արցունքները դեռ չեն չորացել…

Մայր-դաշնակից-Ռուսաստանի շտապելու հաջորդ պատվարն էլ այն է, որ իրենց մոտ աշնանը խորհրդարանական ընտրություններ են: Վլադիմիր Վլադիմիրովիչը շտապում է. անհրաժեշտ է մինչ այդ վավերացման բարձր աստիճանի հասցնել ռուս խաղաղապահների ներկայության իրավականության հարցը Ղարաբաղում, ասացինք`համաձայնագրի տեսքով, որպեսզի, նույն Բայդենի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա) մտքով հանկարծ ուրիշ բան չանցնի` Ղարաբաղի կարգավիճակի և ռուս խաղաղապահների հաշվով:

Կհասցնե՞ն հայոց նորընտիր պառլամենտում «այդքանն» անել:

Գեոքաղաքական իրադրությունից կախված` աստրալում թևածող` ամեն վայրկյան տրանսֆորմացիաների քվանտ արձակող, «քցիչ» Փաշինյան Ն-ն չի՞ գցի արդյոք իրեն դավաճան չհամարող Վլադիմիր Վլադիմիրիչին:

Տեսնենք-տեսնենք: 

Կարմեն Դավթյան