ԱՄՆ ՌՕՈՒ-ի տրանսպորտային ինքնաթիռը ժամանել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան
Ամերիկյան «Boeing C-17A Globemaster III» ռազմական տրանսպորտային ինքնաթիռը Ռիգայից ժամանել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան։ Այս մասին վկայում են թռիչքային տվյալները:
Օդանավը Լատվիայի մայրաքաղաքից դուրս է եկել Մոսկվայի ժամանակով մոտ 8.50-ին և «Վնուկովո» է վայրէջք կատարել Մոսկվայի ժամանակով մոտ 10.00-ին:
Ինքնաթիռի թռիչքների պատմության համաձայն՝ Ռիգա այն ժամանել էր օգոստոսի 23-ին Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայից: Նույն այդ բազայից են թռչում Դոնալդ Թրամփի նախագահական ինքնաթիռը և կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների օդանավերը:
Ավելի վաղ՝ օգոստոսին, հենց այդ բազա էին տեղափոխել Ռուսաստանում ազատ արձակված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին, որը ՌԴ-ում դատապարտվել էր իրավապահների վրա հարձակման համար:

