Նման դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում․ արդարադատության նախարար
«Ցավոք սրտի, նման դեպքեր տեղի են ունենում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում»,- ճեպազրույցում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ խոսելով ՔԿՀ-ում այսօր առավոտյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին։
Նրա խոսքով, Ա. Գևորգյանը ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում առողջական խնդիրների մասին չի բարձրաձայել, ինքնազգացողության վատացում չի ունեցել։
«Այսօր առավոտյան շուտ բողոքել է ինքնազգացողությունից, ժամը 7.55 բուժակն այցելել է, զննություն է կատարվել, կարճ ժամանակ անց կանչվել է շտապօգնություն, որից հետո արձանագրվել է սրտի կանգ։
Ցավակցում եմ մահացածի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին»,- ասաց Գալյանը։
Նա նշել է, որ նախորդ տարի 20-ից ավելի մահվան դեպք են ունեցել, այս տարի՝ 4 դեպք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է Արսեն Գևորգյանը: Նա 46 տարեկան էր։
Հիշեցնենք, որ Արսեն Գևորգյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին, նա կուսակցության ևս 13 անդամներ ու համակիրներ ձերբակալվել էին Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։ Հակակոռուպցիոն դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել՝ ընտրակաշառք տալու և դրան օժանդակելու մեղադրանքով։ Կուսակցությունը կատարվածը որակել է որպես շինծու և քաղաքականապես մոտիվացված հետապնդում։

