Քրեական հետապնդումը դադարեցնելու պաշտպանական կողմի միջնորդությունները մերժվել են

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պաշտպանական կողմի միջնորդությունները։ Հաղորդում է Armat media-ն ։

Նարեկ Կարապետյանի պաշտպանները պնդել են, որ պատգամավորի մեղադրանքը լրացվել է նոր հոդվածով և «հանցավոր կազմակերպության» ձևակերպմամբ՝ առանց ԱԺ-ի միջոցով անձեռնմխելիությունը լրացուցիչ հաղթահարելու։ Պաշտպան Վահե Միսակյանի խոսքով՝ նոր մեղադրանքը նախատեսում է մինչև 12 տարվա ազատազրկում։ Դատարանը, սակայն, լրացուցիչ համաձայնության անհրաժեշտություն չի տեսել։

Նիստում քննարկվել է նաև շուրջ 26 միլիոն դրամի գույքային հայցը։ Մեղադրող կողմն առաջարկել է գումարը համապարտության կարգով բռնագանձել Կարապետյանից և Ալեքսանյանից՝ որպես պետությանը պատճառված ենթադրյալ վնաս։ Պաշտպանները վիճարկել են հայցը՝ մեղադրանքում հակասություններ մատնանշելով, մասնավորապես՝ հանցավոր կազմակերպության գործունեության և շահութահարկի հաշվարկով վնասի առաջացման միջև։

Դատարանը գույքային հայցի պայմանները պահպանված է համարել, սակայն Նարեկ Կարապետյանին և Ալիկ Ալեքսանյանին գույքային պատասխանող ճանաչելու անհրաժեշտություն չի տեսել։

Հաջորդ նիստում կքննարկվի ապացույցների հետազոտման շրջանակն ու հաջորդականությունը։