Ֆիդանը հանդիպել է Ալիևի և Բայրամովի հետ

Անկարա-Բաքու հարաբերություններում վերջերս նկատվող լարվածության ֆոնին հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարը և Ադրբեջանի նախագահը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հաքան Ֆիդանը և Իլհամ Ալիևը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերություններում վերջին զարգացումների վերաբերյալ։

Ֆիդանին ընդունել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Օրակարգում են եղել երկու երկրի հարաբերությունները, նաև փոխադարձ հետաքրքրության այլ հարցեր։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 14-ի երեկոյան ժամանել է Բաքու։ Նրա այցի նպատակը Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության (CICA) 7-րդ գագաթնաժողովն էր, որտեղ Ֆիդանը ներկայացնում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Օրերս Ադրբեջանում դպրոցական համազգեստի նոր պահանջների դեմ բողոքի ակցիաներ էին, Բաքվի որոշ դպրոցներում հիջաբով աշակերտուհիներին թույլ չէին տվել մասնակցել դասերին, ինչից հետո մյուս աշակերտները հրաժարվել էին հաճախել դպրոց:

Ցույցեր էին անցկացվել նաև Թուրքիայում, բողոքի ակցիայի մասնակիցները դատապարտել էին Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը, նաև Իսրայելի հետ սերտ հարաբերությունները: 

Բաքվից հայտարարել են, թե հանրապետության վրա հիբրիդային լայնածավալ հարձակում է իրականացվում բարեկամ և հարևան երկրների տարածքից: