Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր
Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԻԻՀ նախագահին հրավերն ընդունելու և գագաթնաժողովին մասնակցելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկկողմ բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվ բնույթը՝ հավելելով, որ դա վկայում է ՀՀ-Իրան հարաբերությունների հետևողական զարգացման ուղղությամբ կողմերի ցանկությունն ու նպատակադրումը:
Մասուդ Փեզեշքիանը ևս շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ հյուրընկալության համար՝ կարևորելով Հայաստանի հետ բազմաոլորտ կապերի խորացումն ու ընդլայնումը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել համատեղ ծրագրերի առաջմղմանը վերաբերող թեմաների շուրջ:
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:

