ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի դեմ իր զինանոցում եղած ամենահզոր ոչ ատոմային ռումբը կիրառելու հնարավորությունը․ CNN

ԱՄՆ-ն կարող է օգտագործել իր զինանոցում եղած ամենահզոր ոչ ատոմային ռումբը՝ «բոլոր ռումբերի մայրը», Իրանին հարվածները վերսկսելու դեպքում։ Այս մասին պնդում է «CNN» հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի զինվորականներին։

«Ամերիկացի զինվորականները մշակել են հարվածների նոր պլաններ, որոնք ներառում են «բոլոր ռումբերի մոր» հնարավոր կիրառումը իրանական էներգետիկ ենթակառուցվածքներին և միջուկային օբյեկտներին հարվածելու համար, եթե Դոնալդ Թրամփը ռազմական գործողությունները վերսկսելու հրաման տա միջանկյալ ընտրություններից առաջ կամ հետո»,- ասվում է հեռուստաալիքի կայքում տեղադրված հրապարակման մեջ՝ վկայակոչելով բազմաթիվ ամերիկացի զինվորականների։

 Նշվում է, որ խոսքը «GBU-43/B MOAB» ռումբի մասին է՝ ԱՄՆ ռազմական զինանոցում ամենամեծ ոչ միջուկային ռումբի։ Հատկանշական է, որ հեռուստաալիքի զրուցակիցները կասկած են հայտնել, որ դրա կիրառումը թույլ կտա հասնել ամերիկացիների որևէ ռազմավարական նպատակի Մերձավոր Արևելքում կամ փոխել ուժերի հավասարակշռությունը։ Այդուհանդերձ, նրանք նշում են, որ նման քայլը հակամարտության լուրջ էսկալացիա կդառնա։