Հետազոտությունը կարող է կյանք փրկել. կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացություններից է

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացություններից է և կանանց քաղցկեղային հիվանդությունների շարքում զբաղեցնում է առաջին տեղը։ Իսկ հիվանդության վաղ հայտնաբերումը զգալիորեն բարձրացնում է բուժման արդյունավետությունը։

2 տարին մեկ անգամ և միջինում 10 րոպե տևողությամբ հետազոտությունը կարող է կյանք փրկել, քանի որ հիվանդությունն ընթանում է հիմնականում անախտանիշ, և սքրինինգային մամոգրաֆիայի շնորհիվ հնարավոր է չարորակ ուռուցքը հայտնաբերել միջինում 3–4 տարի ավելի վաղ, քան կինը կարող է այն ինքնուրույն նկատել։

Առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթում ներառված կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունը նախատեսված է կրծքագեղձի քաղցկեղի ախտանշաններ չունեցող, սակայն տարիքի առումով ռիսկի խմբում գտնվողող՝ 45-68 տարեկան կանանց համար։ Անհրաժեշտության դեպքում իրականացվող լրահետազոտությունը և բուժումը փոխհատուցվում է:

Սքրինինգային մամոգրաֆիայի համար հերթագրում հնարավոր է կատարել ինքնուրույն՝ «Արմեդ» համակարգով, ինչպես նաև ԱԱՊ ծառայություններ իրականացնող բժշկի/բուժքրոջ միջոցով։ Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագրից օգտվելու համար ընտանեկան բժշկի ուղեգիրը պարտադիր չէ։

Հետազոտությունն անհրաժեշտ է անցնել

Սքրինինգային մամոգրաֆիա չեն կարող անցնել՝

  • հղի և կրծքով կերակրող կանայք,
  • կանայք, որոնք վերջին 12 ամսվա ընթացքում անցել են ախտորոշիչ մամոգրաֆիա,
  • կրծքագեղձի քաղցկեղի ակնհայտ ախտանշաններ ունեցող կանայք (այս դեպքում ցուցված է ախտորոշիչ մամոգրաֆիա),
  • ախտորոշված կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանայք, որոնց բուժումից չի անցել առնվազն 5 տարի։

Ինչպես պատրաստվել մամոգրաֆիայի

  • Մամոգրաֆիայի իրականացումը պլանավորել դաշտանային ցիկլից շուրջ մեկ շաբաթ անց։
  • Հետազոտությանը պատրաստվելիս ցանկալի չէ թևատակի շրջանում օգտագործել հակաքրտնարտադրող միջոց։
  • Մամոգրաֆիկ հետազոտությունից երկու շաբաթ առաջ ցանկալի է սահմանափակել սուրճ կամ կոֆեին պարունակող, ինչպես նաև գազավորված ըմպելիքի օգտագործումը: