ԱԳՄԱ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման արդի միտումները
Հոկտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստան-Բելգիա առևտրի պալատի գործարարների խմբին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՄԱ նախարարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Բելգիա առևտրատնտեսական համագործակցության զարգացման, գործարար կապերի ակտիվացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել ՏՏ, առողջապահության, ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:
Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման արդի միտումները և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Անդրադարձ է կատարել նաև Հայաստանի ներդրումային միջավայրին և տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում կապակցվածության ընդլայնմամբ ստեղծված նոր տնտեսական հնարավորություններին։

