«Եթե ԱՄՆ-ը նորից գնա ռազմական լուծումների ճանապարհով, մենք պատրաստ ենք ավելի լավ, քան երբևէ». Իրանի արտգործնախարար

Իրանը կձեռնարկի ցանկացած անհրաժեշտ միջոց իր պաշտպանության համար

 

ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում գտնվող Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական ամառային նստավայրում (Քեմփ Դեյվիդում) օրերս կայացել է գաղտնի խորհրդակցություն, որը վարել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

Թրամփի վարչակազմի առանցքային անդամների՝ Իրանի հարցով գաղտնի հանդիպման մասին, РБК-ի փոխանցմամբ, ամերիկացի երեք պաշտոնյաներից իմացել է «Axios» պորտալը: Քննարկվել են Իրանի դեմ հետագա քայլերը և Եմենում Սաուդյան Արաբիայի և հուսիների միջև հակամարտությունը: Խորհրդակցության մասնակիցների թվում են եղել պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Ռաթքլիֆը և միացյալ շտաբների պետերի նախագահ գեներալ Դեն Քեյնը:

Ուշագրավ է, որ վերջին անգամ նման հանդիպում տեղի է ունեցել 2025թ. հունիսին, Իրանի վրա Իսրայելի հարձակվելուց  ընդամենը մի քանի օր առաջ, ինչը թերևս հուշում է Իրանի վրա նոր հարձակման նախապատրաստման մասին:

Թեև «The Wall Street Journal»-ը գրել է, որ Թրամփը պատրաստվում է նոյեմբերին վերսկսել Իրանին հրթիռառմբային հարվածները, սակայն հնարավոր է, որ դա տեղի ունենա նույնիսկ մինչ նոյեմբերի 3-ին նախատեսված ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները: ԱՄՆ-ը լրացուցիչ ծովային հետևակայիններ և ավիակիրներ («USS Theodore Roosevelt»-ը և «USS Makin Island») է տեղափոխում տարածաշրջան: Հավանաբար պատահական չէ, որ ԱՄՆ-ի դաշնակից Սաուդիան Արաբիան և Եմենի պաշտոնական բանակն անցյալ շաբաթավերջին սկսեցին հրթիռառմբային զանգվածային հարվածներ հասցնել Իրանի ամենակարողունակ և Բաբ Էլ Մանդեբի նեղուցը վերահսկող դաշնակցին՝ Եմենի ապստամբ հութիներին: Եմենի պաշտոնական բանակը հութիների դեմ նաև ցամաքային հարձակում է սկսել:

Վերոնշյալ հանդիպումից հետո Թրամփը Վաշինգտոնում, Life.ru-ի տեղեկացմամբ, հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեռ պետք է որոշում կայացնի Իրանի նկատմամբ հետագա գործողությունների վերաբերյալ:

«Հարցը միայն նրանումն է՝ դա կլինի լավով թե վատով,-ասել է ԱՄՆ-ի նախագահը:- Մենք կարող ենք լավով, կարող ենք և վատով»:

ԱՄՆ-ի առաջնորդը չի հստակեցրել, թե հատկապես ինչ որոշում է դիտարկում իր վարչակազմը և ինչից է կախված հետագա սցենարը: Ավելի վաղ Թրամփը Սպիտակ տան հարավային մարգագետնում լրագրողներին հայտարարել էր միջուկային զենք ստանալու ծրագրերից Իրանի փաստացի հրաժարվելու մասին: Այդ ժամանակ էլ նա Իրանին «ջախջախված» է անվանել։ Ընդ որում, ԱՄՆ-ի առաջնորդը չի հստակեցրել, թե ինչ տվյալների վրա է հիմնավորում միջուկային ծրագրերից Թեհրանի հրաժարվելու մասին եզրակացությունը:

«Չկողմնորոշված» Թրամփին երեկ խորհուրդ է տվել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ ԱՄՆ-ին կոչ անելով պատերազմի փոխարեն ընտրել «առողջ բանականության ուղին»: Իրանն ակնկալում է, որ ԱՄՆ-ը կընտրի բանականության և դիվանագիտական կարգավորման ուղին, սակայն պատրաստ է պատասխանել ցանկացած ուժային սցենարի։ Այս մասին, ТАСС-ի տեղեկացմամբ , հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ը կընտրի բանականության և ողջամտության ճանապարհը,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարն օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ։- Սակայն, եթե նրանք նորից գնան ռազմական լուծումների ճանապարհով, մենք պատրաստ ենք ավելի լավ, քան երբևէ, և կձեռնարկենք ցանկացած անհրաժեշտ միջոց մեր պաշտպանության համար: Իսկ եթե նրանք ընտրեն դիվանագիտության ճանապարհը, մենք նույնպես պատրաստ ենք դրան» (ընդգծումը՝ մերը):

Աբբաս Արաղչին նշել է, որ ճնշման քաղաքականությունն ու նոր սահմանափակումների սահմանումն ապացուցել են իրենց լիակատար անարդյունավետությունը:

«Նախկինում ԱՄՆ-ը պարտություն է կրել ինչպես պատերազմում, այնպես էլ դիվանագիտության մեջ։ Ոչ ռազմական լուծում, ոչ էլ որոշում՝ հիմնված է պատժամիջոցների ուժեղացման վրա, գոյություն չունի»,- ընդգծել է Իրանի արտգործնախարարը։

Իրանական դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը «բանակցությունների միջոցով կարգավորումն է՝ հիմնված արդարության և ազնվության վրա, ինչպես նաև արժանապատիվ դիվանագիտական լուծումը», որը վերջ կդնի Հանրապետության դեմ «անօրինական և անարդար ագրեսիային»:

 

Արթուր Հովհաննիսյան

Թեմայի հետ կապված կարող եք կարդալ նաև մեր հետևյալ հրապարակումները՝

Իրանը նվաստացրել է ԱՄՆ-ին՝ որսալով նրա ստորջրյա գաղտնի դրոնը 

Վերջին մարտից առաջ. Իրանը սպանիչ պատասխան է պատրաստում ԱՄՆ-ի նոր հարվածին 

ԱՄՆ-ն այլ ծրագրեր էլ ունի, հավանաբար, Իրանի դեմ մարտավարական միջուկային զենքի կիրառում 

ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը չի կարող ավարտվել այլ բանով, քան կողմերից մեկի պարտությամբ. ամերիկագետ Դմիտրի Դրոբնիցկի