Դատախազը միջնորդել է կաշառքի առարկա հանդիսացող մի քանի հազար ԱՄՆ դոլարը ոչնչացնել

Փաստաբան, նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է.

«Ուրեմն, շուրջ 4 տարի տևած դատաքննության բավականին ծանր ընթացքով, մեղադրանքի ապացույցների ակնհայտ անբավարարությամբ քրեական գործով մեղադրող դատախազն ի վերջո հանդես եկավ 8 րոպե 37 վայրկյան տևողությամբ մեղադրական ճառով (եթե իհարկե այն կարելի է այդպես անվանել)։ Սակայն ամենազավեշտալին այն է, որ վերջում նիստը նախագահող դատավորի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի իրեղեն ապացույց հանդիսացող կաշառքի առարկայի տնօրինման վերաբերյալ, պատասխանեց, որ միջնորդում է՝ կաշառքի առարկա հանդիսացող մի քանի հազար ԱՄՆ դոլարը ոչնչացնել, այնուհետև տեսնելով դատավորի՝ բնական տարակուսանք արտահայտող դեմքը, շարունակեց՝ կամ այդ գումարի տնօրինման հարցը թողնում եմ դատարանի հայեցողությանը։

Հ.Գ. Ինձ զարմացնում է այն հանգամանքը, թե ինչպես են նման կադրերը հայտնվում դատախազությունում, և հատկապես՝ ՀՀ գլխավոր դատախազության վարչություններում, երբ իմ համոզմամբ՝ այդ համակարգում ներքին կոռուպցիան իսպառ վերացված է, չկա ընդհուպ խոհանոցի թանկարժեք կահույքի դիմաց դատախազ նշանակելու, ծանոթին, մտերիմին, հարևանին կամ համերկրացուն ամեն կերպ ատեստացիա անցկացնելու հանձնարարություն տալու նախկին արատավոր պրակտիկան։ Մնում է սա ևս վերագրել դատախազության ներկայիս սարսափելի քաղաքականացվածությանը, երբ պրոֆեսիոնալիզմն ու գրագիտությունը ստորադասվում են անձի հպատակ վարքագծին»։