Կալասը հայտնել է, թե ովքեր են ներկայացնելու Եվրոպան Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցություններում
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ներկայացրել է եվրոպական այն պաշտոնյաներին, որոնք կարող են մասնակցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցություններին։ Ըստ նրա՝ այդ հարցում Եվրոպան կարող է առաջնորդվել արդեն գոյություն ունեցող պայմանավորվածություններով։ Այս մասին հայտնում է DW-ն:
Կալասի խոսքով՝ Եվրոպան անվտանգության հարցերով պետք է ներկայացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ինքը՝ որպես ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու։
«Իհարկե, պետությունների և կառավարությունների ղեկավարները կարող են այլ որոշում կայացնել, եթե ցանկանան։ Բայց վստահեցնում եմ՝ դա շատ բարդ խնդիր կլինի։ Ավելի հեշտ է հետևել արդեն գոյություն ունեցող պայմանավորվածություններին»,- նշել է Կալասը։
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը չպետք է որոշի, թե ովքեր են ներկայացնելու Եվրոպան բանակցություններում։ «Ինչո՞ւ պետք է մեզ անհանգստացնի, թե ինչ են ասում ռուսները մեր ներկայացուցիչների մասին։ Մենք արդյո՞ք մեկնաբանում ենք նրանց ներկայացուցիչներին՝ ով պետք է ներկայացնի Ռուսաստանը։ Ի վերջո, յուրաքանչյուրն իրավունք ունի ընտրելու իր ներկայացուցիչներին»,- հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները ՌԴ և Ուկրաինայի նախագահների հանդիպումից և Աբու Դաբիում երկու երկրների ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո հայտնել էին, որ խաղաղության բանակցությունների հաջորդ փուլն արդեն համաձայնեցվել է, և դրան կմասնակցեն նաև եվրոպական երկրները:

