COP17-ի նախապատրաստական փուլում Հայաստանը խորացնում է համագործակցությունը ICCWC-ի հետ․ ԲԸՏՄ
Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Վայրի բնության հանցագործությունների դեմ պայքարի միջազգային կոնսորցիումի (ICCWC) հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության համակարգման միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:
Հանդիպմանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, Քննչական կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, ՆԳՆ ոստիկանության, Շրջակա միջավայրի նախարարության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Հ.Մարտիրոսյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է աշխատանքային խմբի գործունեության հիմնական նպատակներն ու առաջնահերթությունները՝ նշելով, որ խմբի առանցքային նպատակն է ապահովել արդյունավետ համակարգում, ամրապնդել պետական մարմինների միջև համագործակցությունը և առավել նպատակային օգտագործել միջազգային գործընկերների կողմից առաջարկվող գործիքներն ու հնարավորությունները՝ վայրի բնության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ICCWC-ի կողմից առաջարկվող աջակցության հնարավորությունների շրջանակը՝ ծառայությունների ցանկը, որը նախատեսում է նպատակային աջակցություն վայրի բնության և անտառային հանցագործությունների կանխարգելման և բացահայտման, իրավապահ և վերահսկողական կարողությունների զարգացման, ինչպես նաև շղթայականության ամրապնդման ուղղություններով։
Աշխատանքային խմբի անդամները քննարկել են Հայաստանի Հանրապետության կարիքներին և առաջնահերթություններին առավել համապատասխան համագործակցության և աջակցության հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, տեղեկատվության փոխանակման և միջգերատեսչական համագործակցության մեխանիզմների կատարելագործմանը։
Խմբի ձևավորումը կարևոր քայլ է նաև Հայաստանի կողմից ընդունվելիք միջազգային պարտավորությունների և նախաձեռնությունների, այդ թվում՝ 2026 թվականին Երևանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17-ի շրջանակներում։

