Ռուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համար
Ռուսաստանն ու Իրանը փաստաթղթեր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ հողատարածքների տրամադրման վերաբերյալ։
Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Անդրեյ Նիկիտինը։
Փաստաթղթերը ստորագրվել են Թեհրանում։ Դրանց համաձայն՝ ռուսական «Կասպիան սերվիսեզ» կազմակերպությանը և իրանական CDTIC ընկերությանը հասանելիություն է տրամադրվել երկաթուղու ամբողջ երթուղու երկայնքով գտնվող հողատարածքներին՝ նախնական ինժեներական հետազոտություններ իրականացնելու նպատակով։ Ստորագրվել է նաև պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր։
Նիկիտինի խոսքով՝ հողատարածքներն արդեն փոխանցվել են, ինչը հնարավորություն կտա շարունակել ինժեներական հետազոտություններն ու երկարաձգել անհրաժեշտ աշխատանքների ժամկետները։
Նա նշել է, որ այս տարի ռուս մասնագետներն արդեն կառուցել են հենակետային գեոդեզիական ցանց և իրականացրել օդալուսանկարահանում։ Ներկայումս կատարվում են հիդրոօդերևութաբանական հետազոտություններ և տեղագրական նկարահանումներ։
Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսին Ռուսաստանն ու Իրանը մեկնարկել էին Իրանում Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման նախագծի հետազոտական աշխատանքները։
Նախագծով նախատեսվում է կառուցել 162 կմ երկարությամբ երկաթուղի, 8 նոր կայարան, 56 էստակադա, 73 կամուրջ և 30 ուղեանց։
Երկաթուղու այդ հատվածը կդառնա «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մի մասը, որը Եվրոպայի հյուսիսը կապում է Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի երկրների հետ՝ Ռուսաստանի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջոցով։
Միջանցքի ստեղծման մասին համաձայնագիրը Ռուսաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև ստորագրվել է 2000 թվականին։ Ներկայումս նախագծին մասնակցում է 12 երկիր։ Այն ներառում է երեք ուղղություն՝ արևմտյան, արևելյան և անդրկասպյան։

