ՀՀ և ԱՄՆ համատեղ պատվիրակությունը այցելում է Սյունիք՝ քննարկելու ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դ-ր Ջոն Ասքոնասը և ԱՄՆ այլ պաշտոնյաներ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչների հետ միասին այցելել են Սյունիք՝ տեղի համայնքների հետ քննարկելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագիրը և վերջինիս ներուժը՝ ամրապնդելու փոխկապակցվածությունը և ստեղծելու նոր տնտեսական հնարավորություններ Հայաստանի և տարածաշրջանի համար։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում Ամն դեսպանությունից։
Այցի ընթացքում հավատարմատար Ալենը և ավագ խորհրդական դ-ր Ասքոնասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչները՝ AECOM ինժեներական ընկերության գործընկերների ուղեկցությամբ, մասնակցել են հանրային հանդիպումների Գորիսում, Մեղրիում և Կապանում։ Հանդիպումներին ներկա են եղել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, մասնագիտական կազմակերպությունների, տեղի համայնքների, գործարար շրջանակների և միջազգային զարգացման գործընկերների ներկայացուցիչներ։ Մասնակիցներն անմիջականորեն հայ և ամերիկացի պաշտոնյաներից լսել են ԹՐԻՓՓ-ի ընթացքի և ընթացիկ տեխնիկատնտեսական աշխատանքների մասին, հնչեցրեցին իրենց հուզող հարցերը և ներկայացրեցին իրենց դիրքորոշումները։
Հավատարմատար Ալենն ընդգծել է, որ ԹՐԻՓՓ-ը տեսլականից անցնում է իրականացման փուլ, և Հայաստանում արդեն ընթացքի մեջ են երկաթուղու ինժեներատեխնիկական ուսումնասիրությունները։ Նա ընդգծել է Միացյալ Նահանգների աներեր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և կարևորեց ԹՐԻՓՓ-ի ներուժը՝ ստեղծելու աշխատատեղեր, ներգրավելու ներդրումներ, բարելավելու փոխկապակցվածությունը և ապահովելու շոշափելի տնտեսական օգուտներ ողջ Հայաստանի համայնքների, մասնավորապես՝ Սյունիքի համար։
Սյունիքում գտնվելու ընթացքում պաշտոնյաները նաև հանդիպել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, այցելել ԹՐԻՓՓ երթուղու իրականացման տարածք։ Կապանի «Ամերիկյան անկյունում» փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ ամերիկյան կողմը վերահաստատել է ԱՄՆ դեսպանատան գործընկերությունը Սյունիքի մարզային գրադարանի հետ։
«Այս հանդիպումները ևս մեկ հնարավորություն էին լսելու տեղի պաշտոնյաների ու բնակիչների մոտեցումները ու դիրքորոշումները և քննարկելու Սյունիքի դերը տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման գործում։
ԹՐԻՓՓ-ը բազմամոդալ տարանցիկ երթուղի է, որը կարդիականացնի երկաթուղային, ավտոճանապարհային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները և կամրապնդի Հայաստանի կապերը տարածաշրջանային և միջազգային շուկաների հետ՝ Կենտրոնական Ասիայից մինչև Եվրոպա։ Միացյալ Նահանգները և Հայաստանը հրապարակել են ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակը, համաձայնել են ստեղծել ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը՝ որպես հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն, որի նպատակն է աջակցել առևտրին, փոխադրումներին և տնտեսական զարգացմանը՝ միաժամանակ ամրապնդելով միջազգային, միջպետական և ներպետական տրանսպորտային փոխկապակցվածությունը, իսկ երկաթուղու ինժեներատեխնիկական ուսումնասիրություններն արդեն ընթացքի մեջ են։
Հայաստանն և ԱՄՆ-ը, հետամուտ լինելով 2025թ․ օգոստոսի 8-ի Սպիտակ տան խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածություններին, շարունակում են համատեղ աշխատանքը՝ հանուն Հարավային Կովկասում կայուն, խաղաղ ու բարգավաճ ապագայի»,- նշել են դեսպանատնից։

