Ռուսաստանը Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան փոխանցելու համար պատճառ չի տեսնում. Օվերչուկ
Ռուսաստանը պատճառներ չի տեսնում որևէ մեկին փոխանցելու Հայաստանի երկաթուղու կառավարման իր կոնցեսիան։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Պետք է նայել: Մենք համարում ենք, որ մեր ընկերությունը Հայաստանում աշխատում է համաձայնագրի պայմաններին համապատասխան: Մենք թարմացրել ենք երկաթուղային շարժակազմը, այդ թվում՝ ուղևորատար վագոնները թարմացրել ենք 2020-2021 թվականներին: Ընկերությունը շահույթ է բերում: Ուստի մենք պատճառ չենք տեսնում կոնցեսիան փոխանցելու: Ընկերությունը պատրաստ է մասնակցել երկաթուղիների զարգացմանը»,- Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում լրագրողներին հայտարարել է Օվերչուկը:
Նա հիշեցրել է, որ «հունվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել աջակցել Հայաստանին՝ Հայաստանի երկաթուղին Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող պակասող հատվածների կառուցման հարցերում»,- փոխանցում է ռուսական գործակալությունը:
«Կարող է շատ լավ կապ ստեղծվի, մենք պատրաստ ենք դա անել հայկական կառավարության հետ համատեղ»,- վստահեցրել է Օվերչուկը:

