Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար և երկրի փոխնախագահ Մոհամադ Էսլամին հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) չի կարող պահանջել հարձակման ենթարկված իրանական միջուկային օբյեկտների ստուգումներ, քանի դեռ չի մշակվել ռազմական գործողությունների ընթացքում վնասված օբյեկտների ստուգման կարգավորող շրջանակ։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մոհամադ Էսլամին նաև հավելել է, որ իրավիճակը շարունակում է մնալ պատերազմական պայմաններին համահունչ, և զգուշացրել է, որ Միացյալ Նահանգների հետ հակամարտությունը դեռ չի ավարտվել, հետևաբար օբյեկտների անվտանգությունը երաշխավորված չէ։

2025 թվականի հունիսին տեղի ունեցած հակամարտության ընթացքում Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածներ հասցրին Իրանի մի շարք միջուկային օբյեկտների։ Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները թիրախավորվեցին նաև 2026 թվականի փետրվարի վերջին սկսված սրացման ընթացքում։