Անդրեասյանը և Իրանի սպորտի նախարարը անդրադարձել են ՀՀ-Իրան համագործակցության ավանդույթին

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության նախարար Ահմադ Դոնիամալիի գլխավորած պատվիրակությունն այսօր շարունակել է այցելությունները կրթական և մարզական հաստատություններ։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ Ահմադ Դոնիամալին այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական /ԵՕՀՊՄ/ քոլեջ՝ ծանոթանալու հաստատության գործունեությանը, մարզիկների պատրաստության և կեցության պայմաններին, ինչպես նաև վերջին տարիներին իրականացված ենթակառուցվածքային բարեփոխումներին։

Այցի ընթացքում պատվիրակությունը շրջել է քոլեջի ծանրամարտի մարզադահլիճում, ծանոթացել ուսումնամարզական գործընթացի կազմակերպման պայմաններին և գույքային հագեցվածությանը։ Ներկայացվել է նաև ըմբշամարտի և բռնցքամարտի մարզադահլիճներում ընթացող վերակառուցման աշխատանքների ընթացքը։

Ժաննա Անդրեասյանն ու Ահմադ Դոնիամալին այցելել են նաև քոլեջի հանրակացարանային հատված․ այստեղ բնակվում են ՀՀ մարզերի 170 ուսանողներ, որոնք պետության միջոցներով ապահովվում են կեցությամբ և օրական երեքանգամյա սննդով։ Ներկայում քոլեջն ունի ավելի քան 700 ուսանող, որոնք մարզչական կրթություն են ստանում ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի, ծանրամարտի, ձյուդոյի, բռնցքամարտի, աթլետիկայի, ֆուտբոլի և այլ մարզաձևերի ուղղություններով։ ԵՕՀՊՄ քոլեջի սպորտային գծով տնօրենի տեղակալ Վարդան Թովմասյանը ներկայացրել է սաների վերջին տարիների մարզական հաջողությունները՝ նշելով, որ յուրաքանչյուր տարի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում քոլեջն ավելի քան 30 մեդալակիր է ունենում:

Առանձին անդրադարձ է կատարվել ըմբշամարտում Հայաստանի և Իրանի միջև ձևավորված համագործակցության հարուստ ավանդույթներին։ Նշել է, որ վերջերս քոլեջը հյուրընկալել է իրանցի մարզիկների՝ համատեղ ուսումնամարզական հավաքների անցկացման նպատակով։ Հայ ըմբիշներն էլ ակտիվորեն մասնակցում են Իրանում կազմակերպվող միջազգային մրցաշարերին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Իրանի սպորտի և երիտասարդության նախարար Ահմադ Դոնիամալին կարևորել են երկու երկրների միջև մարզական համագործակցության խորացումը, համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպումը և երիտասարդ մարզիկների փորձի փոխանակման հնարավորությունների ընդլայնումը։

Պատվիրակության անդամները եղել են նաև քոլեջի թանգարանում՝ ծանոթանալով հաստատության պատմությանը, մարզական ավանդույթներին և ձեռքբերումներին։

Ահմադ Դոնիամալիի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Սպորտի կառավարման կենտրոն և կառույցի տնօրեն Խորեն Զարգարյանի ուղեկցությամբ ծանոթացել կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններին և իրականացվող ծրագրերին և ենթակառուցվածքներին։

Հաջորդաբար ԻԻՀ սպորտի և երիտասարդության նախարար Ահմադ Դոնիամալիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոց: Նախատեսվում են նաև այցելություններ Երևանի պետական համալսարան և Հայաստանի ազգային պատկերասրահ։