ԿԳՄՍ նախարարը կարևորել է Հայաստանի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված երկարամյա գործակցությունը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Բրիտանական խորհրդի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Քեյթ Էվարթ-Բիգսի հետ:
Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված երկարամյա գործակցությունը. «Վերջին տարիներին Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումների հիմնական գործընկերներից մեկը Բրիտանական խորհուրդն է: Համատեղ իրականացնում ենք ծրագրեր, որոնք լայն պահանջարկ ունեն շահառուների շրջանում և մեծ ազդեցություն՝ կրթության որակի վրա: Մեր համատեղ փորձը՝ ուղղված ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, կարող է ուսանելի լինել նաև այլ երկրների համար»:
Հանդիպումն ամփոփվել է փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությամբ: Կողմերը հաստատել են, որ այն կխթանի համագործակցության շարունակականությունն ու ամրապնդումը:

