Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Կանադայի իշխանությունները սեպտեմբերի 8-ից ԱՄՆ-ից ներկրվող մի շարք ապրանքների նկատմամբ կսահմանեն 15, 25 և 50 տոկոսի չափով մաքսատուրքեր։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին ասվում է Կանադայի ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ պատասխան մաքսատուրքերը կկիրառվեն ԱՄՆ-ից ներկրվող՝ շուրջ 20 մլրդ դոլար ընդհանուր արժեքով ապրանքների նկատմամբ։ Մաքսատուրքերը տարածվում են ավտոմեքենաների և մոտոցիկլետների, կենցաղային տեխնիկայի, գյուղատնտեսական սարքավորումների, էլեկտրական սարքերի, թղթի և ստվարաթղթի վրա։

Միաժամանակ պողպատի, ալյումինի և դրանցից պատրաստված արտադրանքի նկատմամբ մաքսատուրքը 25 տոկոսից կբարձրանա մինչև 50 տոկոս։