Չինաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները. ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ մեկնաբանել է ԱՄՆ իշխանությունների հայտարարությունները
Չինաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ վճռականորեն պաշտպանելու իր օրինական շահերը: Այս մասին երեքշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ իշխանությունների այն հայտարարությունները, որ Իրանի դեմ տնտեսական գործողությունն ուղղված է բոլոր նրանց դեմ, ովքեր օգնում են երկրին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Չինաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ վճռականորեն պաշտպանելու իր օրինական իրավունքներն ու շահերը», – ասել է Լին Ցզյանը։
Դիվանագետն ընդգծել է, որ Չինաստանի համագործակցությունն Իրանի հետ միշտ իրականացվում է միջազգային իրավունքի շրջանակներում և չպետք է ենթարկվի արտաքին միջամտության։ Լին Ցզյանի խոսքով՝ Պեկինը կտրականապես դեմ է անօրինական միակողմանի պատժամիջոցներին, որոնք հիմքեր չունեն միջազգային իրավունքում և արտոնված չեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։
Ինչպես ընդգծել է դիվանագետը, տնտեսական ճնշումը չի նպաստի առկա խնդիրների լուծմանը, այլ միայն կհանգեցնի հակասությունների և հակամարտությունների հետագա սրմանը, կստեղծի բացասական հետևանքների տարածման ռիսկեր, կխախտի համաշխարհային տնտեսական և ֆինանսական կարգը և վնաս կհասցնի այլ երկրների օրինական իրավունքներին ու շահերին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների տնտեսական գործողությունն ուղղված է լինելու Իրանի և ցանկացած երկրի դեմ, որն աջակցում է Իրանին։ Բեսենթը խոստացել էր, որ ԱՄՆ-ը ձգելու է օղակը և փակելու է եկամտի բոլոր հնարավոր աղբյուրները, որոնց հաշվին ֆինանսավորվում են իրանական իշխանությունները։

