«Իրական Հայաստանը» Ադրբեջանին ենթարկվող և ազգային պետությունը վերացնող ծրագիր է
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Նիկոլ Փաշինյանը հռչակեց անկախության կորուստը
Երբ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի խորհրդարանի կողմից միաձայն ընդունվեց Անկախության հռչակագիրը, ոչ ոքի մտքով այն ժամանակ չէր անցնի, որ պատմական այդ իրադարձության 36-րդ տարեդարձը մենք կդիմավորենք մի Հայաստանում, որի իշխանությունները
– Մերժելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը, կընդունեն ադրբեջանական հայատյաց կառավարական պրոպագանդայի այն պնդումը, որ ՀՀ Սահմանադրությունը, հղում տալով Անկախության հռչակագրին, տարածքային պահանջներ է դնում Ադրբեջանի առաջ:
– Հանդես կգան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրորեն երաշխավորված ազատություններն ու ինքնուրույնությունը ոչնչացնելու կառավարության հակասահմանադրական ծրագրով
– Պատրաստակամություն կհայտնեն` հավելումն ԹՐԻՓՓ-Զանգեզուրի միջանցքի տրամադրման, նաև Ադրբեջանին հանձնելու այսպես կոչված «անկլավները», ինչն էլ ավելի կխորացնի Ադրբեջանի վերահսկողությունը Հայաստանի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ռազմավարական հաղորդակցության ուղիների նկատմամբ:
1991-ին անկախության ձեռքբերումից ի վեր, Հայաստանը և նրա իշխանությունները երբեք Ադրբեջանին կամ հարևան որևէ երկրի չեն ներկայացրել տարածքային պահանջներ: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի պնդումները Հայաստանի կողմից իբր այլ երկրներում «հայրենիք փնտրելու» մասին ոչ այլ ինչ են, եթե ոչ սեփական պետության վարկաբեկման և Ադրբեջանի ստահոդ պրոպագանդայի լեգիտիմացման դավաճանական հակապետական գործունեություն:
Այսպես կոչված նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում սեփական պետական կամքից զրկված, ազգային հայկական պետությունը վերացրած և ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է:
Այդ ծրագիրը հայ ժողովրդի կողմից չի ընդունվել, ընտրություններ կեղծված են, և հայ ժողովուրդը դեռ իր խոսքը կասի»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ներկայացնում է նոր կառավարության ծրագիրը։ Նա մասնավորապես հայտարարել է. «Այսպիսով կարող ենք ասել, որ 4-րդ հանրապետությունը հիմնադրված է, 4-րդ հանրապետությունը իրականություն է։ Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի։ Ինչո՞ւ։ Մի պարզ պատճառով։ Մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժետության և որոշման մասին, կայացրել ենք այդ որոշումը, ժողովուրդն այդ որոշումը հաստատել է։ Նոր Սահմանադրության մեջ հղում անել Անկախության հռչակագրին՝ կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը»։

