Երևանն ազատ կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում ընդունել․ Պեսկով
Եթե Հայաստանն այլևս կարիք չունի ՀԱՊԿ-ին անդամակցելու, ապա Երևանն ազատ է ընդունելու համապատասխան որոշում և դուրս գալու կազմակերպությունից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում՝ գոհ կլիներ, եթե իրեն հեռացնեին։ Եթե Երևանն իր ազգային շահերից ելնելով այլևս կարիք չունի անդամակցելու տարածաշրջանային անվտանգության ապահովման այսքան կարևոր կազմակերպությանը, ապա նա ազատ է ընդունելու համապատասխան որոշում և լքելու այդ կազմակերպությունը», – լրագրողներին հայտնել է նա։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ԱԺ-ում, նշել էր, որ ինքը շատ գոհ կլինի, որ ՀԱՊԿ-ը ՀՀ-ին հեռացնի, քանի որ ՀԱՊԿ-ի հանդեպ ՀՀ-ի հետաքրքրությունը սպառված է:
Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին 2024 թվականին։

