China Southern Airlines ընկերությունն ավելացնում է Ուրումչի-Երևան չվերթների քանակը

Ուրումչի-Երևան և հակառակ ուղղությամբ չվերթներ իրականացնող China Southern Airlines ընկերությունը հուլիսի 21-ից ավելացնում է չվերթների հաճախականությունը՝ նախկին երեքի փոխարեն շաբաթական թռիչքների քանակը հասցնելով վեցի։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ընկերության երևանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Սեն Ջիամինը՝ շեշտելով, որ ընկերությունն այս կերպ նպատակ ունի առավել ամրապնդել Հայաստանի ու Չինաստանի միջև օդային կապը։

Վերջինիս խոսքով՝ բացի չվերթների քանակի ավելացումը, ընդլայնված չվացուցակն ուղևորների համար կապահովի ճանապարհորդության համար ավելի հարմար տարբերակներ և ավելի լավ կապ Ուրումչիի միջոցով դեպի Պեկին, Գուանչժոու և Չինաստանի այլ խոշոր քաղաքներ։«Սա կարևոր հանգրվան է China Southern Airlines-ի համար հայկական շուկայում։ Ուրումչի-Երևան երթուղու ավելացումը կխորացնի երկու երկրների միջև կապը և կնպաստի բիզնեսի, զբոսաշրջության և մշակութային փոխանակումների աճին»,-նշել է Սեն Ջիամինը։

Նա նաև վստահեցրել է, որ ընկերությունը մտադիր է շարունակել բարելավել թռիչքային ծառայությունները և նպաստել Հայաստանի և Չինաստանի միջև օդային կապի ամրապնդմանը։