Հոգեբուժությո՞ւն, թե՞ թմրաբանություն․ ինչի՞ համար են բժիշկներին միավորում քննության մեջ. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ-փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է. «Հոգեբուժությո՞ւն, թե՞ թմրաբանություն․ ինչի՞ համար են բժիշկներին միավորում քննության մեջ

Մինչև 2025 թվականը Հայաստանում հոգեբույժները և թմրաբանները մասնագիտական կրթություն էին ստանում առանձին կլինիկական օրդինատուրաներում։

Հոգեբույժները՝ «Հոգեբուժություն» մասնագիտությամբ, 

թմրաբանները՝ «Թմրաբանություն» մասնագիտությամբ։

Այսինքն՝ երկու առանձին մասնագիտություններ էին՝ իրենց կրթական ծրագրերով, մասնագիտական գիտելիքների շրջանակով և կլինիկական առանձնահատկություններով։

2025 թվականից այս երկու մասնագիտությունները միավորվել են։ Եվ հիմա, ըստ առողջապահության նախարարության ներկայացրած մոտեցման, հոգեբույժը պետք է քննություն հանձնի նաև թմրաբանության, իսկ թմրաբանը՝ հոգեբուժության ուղղությամբ։

Սա լուրջ մասնագիտական հարցեր է առաջացնում։

Ինչպե՞ս կարող է բժիշկը, ով տարիներ շարունակ կրթվել և աշխատել է մեկ մասնագիտությամբ, պարտավորվել քննություն հանձնել մեկ այլ մասնագիտության ամբողջական շրջանակով։

Իսկ ամենակարևոր հարցը՝

Եթե բժիշկը հաջողությամբ հանձնի այս միասնական քննությունը, արդյո՞ք նա ստանալու է երկու մասնագիտությունների լիցենզիա։

Օրինակ՝ նախկին թմրաբանը, որը մինչ այժմ զբաղվել է միայն թմրաբանությամբ, քննությունը հանձնելուց հետո իրավասու՞ է լինելու զբաղվել նաև հոգեբուժությամբ։

Եվ հակառակը՝ հոգեբույժը, որը չունի թմրաբանության առանձին կլինիկական օրդինատուրա, քննությունը հանձնելուց հետո իրավասու՞ է լինելու իրականացնել թմրաբանական գործունեություն։

Սրանք մասնագիտական իրավունքի, կրթության, լիցենզավորման և պացիենտի անվտանգության հարցեր են։
Մասնագիտությունների միավորումը վարչական որոշմամբ ինքնաբերաբար չի կարող վերացնել տարիների ընթացքում ձևավորված կրթական և կլինիկական տարբերությունները։

Ավելին՝ նման մոտեցումներ կան նաև բժշկական այլ մասնագիտությունների շրջանակներում, որոնց վերաբերյալ նույնպես հարցեր են առաջանում։ Դրանք ես կանդրադառնամ հաջորդիվ ։

Առողջապահության նախարարությունը պարտավոր է հստակ պատասխանել՝ միասնական քննությունը երկու մասնագիտությունների լիցենզիա՞ է տալիս, թե՞ պարզապես ստեղծում է նոր քննության պահանջ՝ առանց մասնագիտական իրավասությունների հստակ սահմանման»: