Թուրքիայում քննարկվում է արտահերթ ընտրությունների հնարավորությունը
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներսում լուրջ խմորումներ են։ Կուսակցության վարկանիշի անկման ֆոնին անդամները քննարկում են նախագահական կառավարման համակարգի վերանայման տարբերակներ։ Դրանց թվում են գործող համակարգի փոփոխությունը, նախագահի լիազորությունների վերաձևումը և խորհրդարանական կառավարման համակարգին վերադառնալու հնարավորությունը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի համաձայն՝ կուսակցական կուլիսներում քննարկվում են երկու առանցքային սցենար, ինչպես նաև 2027 թ. մայիսին արտահերթ ընտրությունների գնալու հավանականությունը։
Քննարկվող տարբերակներից մեկի համաձայն՝ հնարավոր է պահպանել նախագահական կառավարման համակարգը, սակայն վերանայել դրա գործելակերպն ու ընտրական մեխանիզմները, որպեսզի Էրդողանի կուսակցությունն այլևս կախված չլինի փոքր կուսակցությունների հետ դաշինքներ կազմելուց։ Այս մոտեցումը կուսակցության ներսում բնութագրվում է որպես համակարգի «մեղմացում»։
Մյուս տարբերակը ենթադրում է վերադարձ խորհրդարանական կառավարման համակարգին։ Ըստ այդ սցենարի՝ նախագահի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 7 տարի, վերականգնվել վարչապետի պաշտոնը, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է շարունակել պաշտոնավարել՝ կուսակցություններից վեր դիրքում։
ԱԶԿ-ի որոշ ներկայացուցիչների կարծիքով՝ Թուրքիան արդեն փաստացի մտել է նախընտրական փուլ, և քաղաքական ուժերը համապատասխանաբար նախապատրաստվում են։
Ըստ կուսակցական շրջանակներում շրջանառվող գնահատականների՝ հնարավոր է 2027 թ. մայիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։
Այնուամենայնիվ, կառավարման համակարգի փոփոխության և ընտրությունների ժամկետի վերաբերյալ կուսակցության ներսում դեռևս վերջնական համաձայնություն կամ հստակ որոշում չկա։

