ԱՄՆ-ի հարվածներից Իրանում մեկ զոհ կա. IRNA
Իրանական պետական IRNA գործակալությունը հաղորդում են, որ Միացյալ Նահանգների գիշերային հարվածների հետևանքով Իրանի հյուսիս-արևմուտքում առնվազն մեկ մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել: Ամերիկյան կողմից մեկնաբանություն առայժմ չկա:
Այսօր պետական լրատվամիջոցները հայտնել են նաև, որ ԱՄՆ-ի հարվածները թիրախավորել են Իրանի հարավային նավահանգստային Բուշեհր քաղաքում գտնվող մի քանի վայրեր։ Այդ քաղաքում է գտնվում երկրի միակ քաղաքացիական միջուկային էլեկտրակայանը։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն էլ հայտարարել էր, որ Իրաքի հյուսիսում իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է ամերիկացի մեկ զինծառայող: Երկրորդ ամերիկացի զինծառայողը վիրավորվել է և շարունակում է բուժում ստանալ․ նրա վնասվածքը գնահատվում է թեթև։
Ավելի վաղ էլ հաստատվել էր, որ ուրբաթ օրը ԱՄՆ դաշնակից Հորդանանում Թեհրանի կողմից իրականացված հարձակումների ժամանակ պաշտպանական գործողությունների ընթացքում երկու ամերիկացի զինվոր է զոհվել, ևս մեկն՝ անհետ կորել: Կենտրոնական հրամանատարությունից նախօրեին տեղեկացրել են, որ հարձակման վայրում հայտնաբերվել են «չնույնականացված մասունքներ», և որ «աճյունի ինքնությունը պարզելու փորձաքննությունը շարունակվում է»։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ «հարվածների նոր ալիք» է սկսել, որի նպատակն է «թուլացնել» Հորմուզի նեղուցով առևտրային նավերի վրա հարձակվելու Իրանի կարողությունը։
«Այս գիշեր նորից շատ ուժեղ հարվածեցինք նրանց, և մենք դա արեցինք՝ ի հիշատակ զոհված ԱՄՆ զինծառայողների», Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

