Ծնունդով ռուսաստանցի Կոնստանտին Սոկոլովը կղեկավարի TRIPP + առևտրային հիմնադրամը. The Guardian
Ռուսաստանում ծնված, Չիկագոյից մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովն ԱՄՆ Պետպետքարտուղարության նոր ձեռնարկատիրական հիմնադրամի նախագահ է նշանակել, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարի ծախսը, ներառյալ՝ տրանսպորտի, էներգետիկ ենթակառուցվածքների և կարևորագույն հանքանյութերի ոլորտներում ներդրումները։ Այս մասին գրել է The Guardian-ը։
Պետքարտուղարությունը հաստատել է նրա նշանակումը։
Սոկոլովը մեկն է 36 դոնորներից, այդ թվում՝ 21 կորպորացիաներից և 15 անհատներից ու ընտանեկան հիմնադրամներից, որոնք, ըստ Դոնալդ Թրամփի, ավելի քան 350 միլիոն դոլար են նվիրաբերել Սպիտակ տան «պարահանդեսային դահլիճի» նախագծին։
Tripp+ ձեռնարկությունների հիմնադրամը, որտեղ Սոկոլովը հիմնադիրն ու նախագահն է, անունը ստացել է «Թրամփի ուղուց» (TRIPP), որը 27 մղոնանոց առևտրային միջանցք է, որը տարածվում է Հայաստանի հարավում և Ադրբեջանում: Պետքարտուղարության խոսնակը նշել է, որ 201 միլիոն դոլարի հիմնադրամը լիազորված է տրամադրել վարկեր, բաժնետիրական ներդրումներ և դրամաշնորհներ՝ խթանելով մասնավոր հատվածի ռազմավարական զարգացումը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում։
Լրատվամիջոցը գրում է, որ փետրվարին Երևան կատարած այցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Tripp+ հիմնադրամը նկարագրել էր որպես «պատմական վերափոխման» մաս, որը «կբացի առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի միանգամայն նոր աշխարհ»։
Երբ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի վերջին ստորագրել էին TRIPP-ի տնտեսական և անվտանգության համաձայնագիրը, Միրզոյանը մամուլին ասել էր, որ նրանք «հիմք են դնում այնպիսի տնտեսական ներգրավվածության համար, որը թույլ կտա հայերին գումար վաստակել և բարգավաճում գտնել, ամերիկացիներին՝ նույնն անել»։
The Guardian-ն ընդգծում է՝ անհասկանալի է, թե ինչպես կարող են Սոկոլովը կամ ԱՄՆ-ն օգտվել հիմնադրամից կամ արդյո՞ք նա փոխհատուցում կստանա իր դերի համար։ Նշվում է, որ Կոնստանտին Սոկոլովը Հայաստանի ամենամեծ հեռահաղորդակցության ընկերության՝ Viva Armenia-ի խոշոր բաժնետեր է, պաշտոններ է զբաղեցնում Northern Pillar Energy Consortium-ում՝ Եվրոպան և Աֆրիկան միացնող մաքուր էներգիայի ու օպտիկամանրաթելային ստորջրյա մալուխային նախաձեռնությունում, ինչպես նաև Pelagos Data Centres-ի նախագահն է՝ ըստ նրա պաշտոնական կայքի։
Հրապարակման մեջ նշվում է, որ Թրամփի վարչակազմն արդեն աննախադեպ քայլեր է ձեռնարկել Հայաստանի հետ իր կապերը խորացնելու համար՝ այն բանից հետո, երբ Սպիտակ տունը նպաստեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանն անցյալ տարվա օգոստոսին՝ 9 միլիարդ դոլար հատկացնելով նրա միջուկային էներգետիկայի ոլորտը խթանելուն և 11 միլիոն դոլարի ամերիկյան արտադրության հետախուզական անօդաչու թռչող սարքեր վաճառելով նրա կառավարությանը, ինչը նշանավորել է ԱՄՆ-ի առաջին ռազմական տեխնոլոգիաների վաճառքը երկրին։
Զարգացման ֆինանսավորման կորպորացիան, որը մասնավոր կապիտալի սեփականատեր Բեն Բլեքի գլխավորած կառավարական ներդրումային ստորաբաժանում է, նույնպես հայտարարել է «Tripp Development Company»-ն ստեղծելու ծրագրերի մասին՝ Ադրբեջանը նրա վիճելի էքսկլավ Նախիջևանին, ինչպես նաև Հայաստանը և Թուրքիան կապող առաջարկվող երթուղու վրա երկաթուղային և այլ ենթակառուցվածքներ կառուցելու համար։
Սոկոլովի նշանակումը Tripp+ ձեռնարկությունների հիմնադրամի ղեկավարի պաշտոնում միայն վերջին ցուցիչն է Ամերիկայի հանձնառության՝ խթանելու Արևմտյան Ասիան Եվրոպային կապող ռազմավարական միջանցքի զարգացումը։
ԱՄՆ-ը 1989 թվականից ի վեր կառավարել է 13 ձեռնարկությունների հիմնադրամ, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո Կոնգրեսը 300 միլիոն դոլար ուղղեց Հունգարիայում և Լեհաստանում ներդրումների համար։ Երեք տարի անց Կոնգրեսը լիազորել է գործադիր իշխանությանը ստեղծել նոր ձեռնարկությունների հիմնադրամներ Արևելյան Եվրոպայի ցանկացած պետությունում։
Tripp+ ձեռնարկությունների հիմնադրամը ստեղծվել է այս հետխորհրդային օրենսդրության հովանու ներքո։ Թրամփի վարչակազմը խնդրել է Կոնգրեսին ընդլայնել իր լիազորությունները՝ աշխարհի ցանկացած վայրում ձեռնարկությունների հիմնադրամներ ստեղծելու համար, համաձայն իր 2027 թվականի բյուջեի հայտի։

