Ընդդիմությունը պետք ձևակերպի հստակ ու կոշտ դիրքորոշում
Բոլորը քննարկում են վերցնել մանդատները, թե ոչ, այնինչ այդ հարցի պատասխանը պայմանավորող ամենակարևոր հանգամանքի մասին լռում են։ Ես կխոսեմ իմ հայրենի Սիսիանի օրինակով` հույսով, որ կգտնվեն շատ այլ մարդիկ, ովքեր կմիանան իմ պահանջին ուղղված մանդատների վերցնել-չվերցնելու խնդրով մտահոգ ընդդիմությանն ու իշխանությանը։
Այս տարվա մայիսի 7-ին Քննչական կոմիտեն ձայնագրություններ էր հրապարակել Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով Սիսիան համայնքում ընտրակաշառքի դեպքով։ Ինչպես և մնացած այլ նմանատիպ գործերով ձերբակալվեցին, ապա երկու ամսով կալանավորվեցին մեղադրվող անձինք։ Սիսիանի դեպքը միակը չէր, ամբողջ հանրապետությունում տասնյակ նման վարույթներով ձերբակալվել և ապա կալանավորվել են 100֊ից ավելի մարդիկ, իսկ քննվող քրեական վարույթներով ներգրավված անձանց քանակը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, մի քանի հարյուրի է հասնում։ Ընտրակաշառքն, անխոս, մերժելի ու դատապարտելի երևույթ է, բայց այս պահին կալանավորված բոլոր անձինք, ներառյալ մեր սիսիանցի տղաները համարվում են անմեղ, քանի դեռ ապացուցված չէ նրանց մեղքը և չկա դատարանի մեղադրական վճիռ։ Ընտրություններն ավարտվել են, բոլոր այս գործերով քննությունները դեռ ընթանում են, ավելին` մինչև հիմա չունենք դեռ որևէ գործ, որով սկսվել է դատաքննություն։ Ինքնին մեղադրանքի ապացուցման տեսանկյունից դժվար այս գործերով դատաքննությունները վստահաբար տևելու են ամիսներ, եթե ոչ տարիներ։ Հրապարակված ձայնագրությունների մեծ մասը հիմք են տալիս ենթադրելու, մասնավորապես, Սիսիանի դեպքով, որ առավել հավանական է կալանավորված տղաների մեղադրանքներն այդպես էլ չհաստատվեն։ Այդուհանդերձ, այդ մարդկանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը մնում է կալանքը` չնայած նրան, որ ընտրություններն արդեն ավարտվել են, հետևաբար, չկա ռիսկ ընտրողներին ընտրակաշառք տալու, նրանց ընտրելու իրավունքին խոչընդոտելու կամ մեղադրանքով առաջադրված այլ ազդեցության հնարավորության։ Չկա որևէ հիմնավոր կասկած, որ կալանավորվածները կարող են ազդել քննության ընթացքի վրա կամ խոչընդոտել քննությանը։ Ես կխոսեմ իմ համաքաղաքացի տղաների մասին, որոնցից մի քանիսին ճանաչում եմ անձնապես, մի քանիսին հեռակա։ Սիսիանը փոքր քաղաք է, այստեղ համարյա բոլորը ճանաչում են բոլորին, գիտենք, ով ինչ ընտանիքից է, ինչ մարդկային նկարագիր ունի։ Կալանավորված սիսիանցի տղաներից յուրաքանչյուրի մասին Սիսիանում կարելի է յուրաքանչյուրին հարցնել ու, վստահ եմ, չի լինի գոնե մեկ մարդ, ով կարող է ասել, թե այդ մարդիկ սրիկաներ են։ Քաղաքական նախապատվությունների հակադրության ներկա պայմաններում թերևս չի գտնվի մեկը, ով կասկածի տակ կդնի այդ տղաների հայրենասիրությունը, իրենց ծննդավայրի նկատմամբ սերն ու թասիբը։ Չի գտնվի գեթ մեկը, ով կարող է պնդել, թե նրանց մտահոգությունները մեր երկրի ու իրենց հայրենի Սիսիանի ապագայի, սպառնացող վտանգների հետ կապված մտացածին են կամ լիովին անհիմն։ Եվ բոլոր այդ տղաներն ընտանիքներ ունեն, ծնողներ, կին, երեխաներ` անչափահաս երեխաներ, ի վերջո, ընկերներ… Ու նրանց բոլորի, ինչու ոչ, ցանկացած սիսիանցու համար ցավալի է, որ կալանքի պատճառով մեզնից շատերին հարազատ այդ մարդկանց ընտանիքները տառապում են, երեխաները կարոտում իրենց հայրիկներին, հայրիկները` իրենց բալիկներին, կանանց, ծնողներին։ Ցավալի է, որ այդ մարդկանց երիտասարդ տիկնայք առանց այն էլ դժվար կյանքի այս հորձանուտում ընտանեկան հոգսերին դեմ հանդիման մնացել են առանց կողակցի աջակցության… Ցավալի է, որ կալանավորված տղաների ծնողներն իրենց զավակների համար անհանգստության մորմոքով են ապրում իրենց ամեն օրը։
Ու եթե խորհրդարան անցնող ընդդիմությունն այսօր քննարկում է մանդատներ վերցնել֊չվերցնելու հարցը, ապա իր որոշման հիմքում պետք է ձևակերպի այս բոլոր մարդկանց խափանման միջոցները վերանայելու պահանջը, կալանքի փոխարինումը խափանման այլ միջոցով։ Սա պետք է լինի նախապայման իրենց ցանկացած որոշման ընդունման համար և պետք է ձևակերպվի որպես պահանջ ուղղված իշխանություններին։ Ընդդիմությունը պետք ձևակերպի հստակ ու կոշտ դիրքորոշում այս հարցով։ Ավելին, ցանկացած գործով, որով իրավապահներն ապագայում չեն կարողանա ապացուցել առաջադրված մեղադրանքները, պետք է իրավական պատասխանատվության պահանջ ձևակերպել ապօրինի քրեական հետապնդումների հետ կապված։ Ընդդիմությունը, որը չունի այսպիսի վճռականություն, ուժ և կամք, բարոյական որևէ իրավունք չի կարող ունենալ ընդդիմադիր հայացքներով քաղաքացիներին, իրենց ընտրած, իրենց օգտին քվեարկելու քարոզած մարդկանց ներկայացնելու երկրի խորհրդարանում։

