Թուրքական MIT-ը Բեռլինում գործող ամենաակտիվ հատուկ ծառայություններից է. Գերմանական հետախուզությունը զեկույց է հրապարակել

Գերմանական հետախուզությունը զեկույց է հրապարակել Բեռլինում գործող ամենաակտիվ օտարերկրյա հատուկ ծառայությունների մասին։ Ըստ այդ 140 էջանոց զեկույցի՝ դրանք Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Թուրքիայի հատուկ ծառայություններն են։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Բեռլինի ներքին հետախուզության պետ Միխայել Ֆիշերը նշել է, որ այս երկրների հետախուզական ծառայությունները հիմնականում կենտրոնացած են Բեռլինում։ Նրանք ունեն գործունեության լայն շրջանակ, այդ թվում՝ դասական լրտեսություն, ապատեղեկատվական արշավներ, կիբեռհարձակումներ և դիվերսիաներ։

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության՝ (MIT) մասին նշվում է, որ այն ակտիվ է ոչ միայն հայտարարագրված հետախուզական սպաների հետ, որոնք նշանակված են դիվանագիտական ​​առաքելություններում, այլև բազմաթիվ չհայտարարագրված անձանց հետ, որոնք իրականացնում են շատ ինտենսիվ հետախուզական գործունեություն։

Զեկույցում ընդգծվում է, որ MIT -ն ունի լայն լիազորություններ, այն կազմում է թուրքական անվտանգային ճարտարապետության կենտրոնական տարրը։ MIT-ի հետախուզական գործունեությունը հիմնականում ուղղված է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ու նրա կողմնակիցների դեմ, որոնց նա համարում է ահաբեկչական կազմակերպություն, ինչպես նաև «Գյուլենական շարժման» կողմնակիցների դեմ։ Զեկույցում նաև ասվում է, որ Բեռլինում կա ՔԲԿ-ի 1100 համակիր։