Հայաստանի կողմից ՀԱՊԿ բյուջե մուծումներ չկատարելու հարցը քննարկվում է. Մասադիկով
Հայաստանը գործնականում չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին, լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ»-ի թղթակիցը։
«Դե ֆակտո Հայաստանը չի մասնակցում, բայց դե յուրե այն ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է: Հայաստանի կողմից ՀԱՊԿ բյուջե մուծումներ չկատարելու հարցը քննարկվում է: ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդը վերջերս նիստ է գումարել Կազանում, որտեղ մանրամասն քննարկվել է այս հարցը։ Կարծում եմ՝ Հայաստանը երեք տարի է, ինչ չի վճարում իր անդամավճարները»,–ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Մասադիկովը հիշեցրել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն, եթե անդամ պետությունը երկու տարի չի կատարում բյուջետային պարտքերը մարելու իր պարտավորությունները, Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կասեցնել իր քաղաքացիների՝ ՀԱՊԿ-ում քվոտաների համար առաջադրվելու իրավունքը և զրկել նրանց կազմակերպության մարմիններում քվեարկության իրավունքից մինչև պարտքերի լրիվ մարումը։
Եթե անդամ պետությունը չի կատարում Կանոնադրության, Խորհրդի որոշումների և դրանց համաձայն ընդունված այլ կազմակերպության մարմինների որոշումների դրույթները, Հավաքական անվտանգության խորհուրդն իրավունք ունի կասեցնել տվյալ երկրի մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը կամ հեռացնել ՀԱՊԿ-ից։ Այս հարցերի վերաբերյալ որոշումները կայացվում են անդամ պետության քվեարկությունը հաշվի չառնելով։

