Արտերկրում այն կարծիքը կա, որ Նիկոլը ծուղակն է ընկել

Իսկ գուցե Հայաստա՞նն է գցել ծուղակը, որից այլևս դուրս չենք գա, եթե նախընտրենք անգործությունը

 

Ինչպես գրել է «Strategic Culture» պարբերականը, Փաշինյանը հայտնվել է ծուղակում՝ սկսելով հեռու մնալ Ռուսաստանից: Դա տեղի է ունեցել Ռուսաստանի վերաբերյալ Նիկոլի քաղաքական ուղեգծի, Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման կուրսի պատճառով:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանից հեռու մնալու կուրսը նրան սպասելի օգուտներ չի բերել և առաջնորդին քաղաքական փակուղի է մտցրել, գրել է «Strategic Culture»-ը:

«Փաշինյանը զգալի քաղաքական կապիտալ է ներդրել ԵՄ-ի և եվրաատլանտյան այլ կառույցների հետ կապերի ամրապնդման գործում,- նշված է հրապարակման մեջ:- Ընդ որում, ենթադրվում էր, որ Արևմուտքը կկարողանա աստիճանաբար փոխարինել Ռուսաստանին՝ որպես Հայաստանի գլխավոր ռազմավարական գործընկեր։ Սակայն Փաշինյանը հայտնվեց տհաճ իրականության առջև. Մոսկվայից Հայաստանի հեռանալը չբերեց ակնկալվող ռազմավարական օգուտները, մինչդեռ Արևմուտքի հետ մերձեցումը չհանգեցրեց անվտանգության կոնկրետ երաշխիքների ստացմանը»:

«Strategic Culture»-ը չի գրել, որ Նիկոլի նպատակն էլ հենց դա էր: Ոչինչ, այդ պնդմամբ մենք հանդես կգանք:

Հոդվածագիրն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում ժամանակն աշխատում է Հայաստանի վարչապետի դեմ, իսկ Երևանի ազգային շահերը փաստացի դարձել են քաղաքական սխալ ուղեգծի պատանդ:

«Հայաստանը թևակոխում է աճող քաղաքական անորոշության շրջան,- գրել է հիշյալ պարբերականը:- Վարչապետը նախկինի պես պահպանում է իշխանությունը, սակայն մանևրելու համար նրա տարածքը սրընթաց նվազում է։ Ի վերջո, Փաշինյանը հայտնվել է երկընտրանքի ծուղակում, որը մեծամասամբ ստեղծվել է իր իսկ քաղաքական ընտրությամբ։ Եվ որքան երկար նա մնա այդ փակուղում, այնքան ավելի դժվար կլինի պահպանել Հայաստանի ռազմավարական շահերը»:

Այո, դա ճիշտ է, բայց չէ՞ որ Նիկոլը նոր չէ, որ թքել է Հայաստանի ռազմավարական շահերի վրա ու նպատակային կերպով և ակնհայտ հետևողականությամբ գործում է դրանց դեմ:

«Strategic Culture»-ի հրապարակման մեջ նշված է նաև, որ Հայաստանի եվրոպացի գործընկերները երկրի հիմնարար խնդիրներին չեն կարողացել լուծումներ առաջարկել։

2025թ. գարնանը Հայաստանում ընդունվեց օրենք Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի մտադրության մասին, թեև Բրյուսելը Երևանին անդամակցություն չէր առաջարկում։ Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները պաշտոնական Երևանին կոչ են արել հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ին անդամակցությունը պահպանելու վերաբերյալ: Նիկոլն, իր հերթին, հայտարարել էր, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի հարցը կբարձրացնի միայն այն բանից հետո, երբ կստանա ԵՄ-ին անդամակցության թեկնածուի պաշտոնական կարգավիճակ: Նիկոլ հայադավի այս հնարքը, սակայն չի անցել, նրա վրա վերջնականապես կողմնորոշվելու համար ժամկետ է դրվել մինչև տարեվերջ:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը կրիտիկական է դառնում ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտման պատճառով: Նա հիշեցրել է, որ Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մտադրության մասին օրենքը, ուստի իրավիճակը պահանջում է օպերատիվ լուծում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ ապրիլին ընդգծել էր, որ երկու դաշինքներում՝ Եվրասիական տնտեսական միությունում և Եվրամիությունում միաժամանակ գտնվելն անհնար է:

Ռուսաստանի դեմ Նիկոլի և իր ոհմակի (չարախմբի) վարած քաղաքականության հերթական դրսևորումներից մեկն էլ Հայաստանում այսօրվանից մեկնարկած «Eagle Partner» զորավարժություններն են ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ:

Հայաստանցի և ամերիկացի զինծառայողներին առաջին անգամ միացել են զինծառայողներ Ֆրանսիայից և Հունաստանից։ Այս մասին ռուսական մի շարք լրատվամիջոցների հրապարակումներում հիշեցվում է, որ Հայաստանը կասեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին:

Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ կարող է կիրառել անդամավճարների չվճարման մասին ՀԱՊԿ-ի հոդվածը, բանը կարող է հասնել նույնիսկ ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացմանը: Նիկոլի ուզածն էլ, որով նա իրականացնում է Ալիևի ցանկությունը կամ երազանքը, հենց դա է. Հայաստանի կողմից կազմակերպությանն արդեն 2 տարի անդամավճարները չվճարելով և ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության կասեցմամբ նա, իր ոհմակի հետ միասին, ստեղծել է այնպիսի վիճակ, որ ՀԱՊԿ-ն ինքը ստիպված լինի Հայաստանը դուրս դնել իր շարքերից, ինչից հետո Նիկոլն արդեն, իր ստոր քաղաքականությանը համապատասխան, կփորձի կատարվածի պատասխանատվությունը գցել ՀԱՊԿ-ի գրպանը:

 

Արթուր Հովհաննիսյան